Իսրայելից Հայաստան է տեղափոխվում 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ․ ԱԳՆ

Մեկնարկել է Թել Ավիվ – Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել էին, որ «Զվարթնոց» օդանավակայանից 220 մարդու համար նախատեսված ինքնաթիռ է մեկնել Թել Ավիվ՝ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու համար․ «Չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Տեղական ժամանակով 09։36-ին ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Նախատեսված է, որ Երևանի ժամանակով 13:00-ին օդանավը կվերադառնա Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին»,- տեղեկացրին Կոմիտեից։

***

Հոկտեմբերի 7-ին Պաղեստինը հարձակում է գործել Իսրայելի վրա։ Պաղեստինյան կողմը Գազայի հատվածից հազարավոր հրթիռներ է արձակել, ինչպես նաև Իսրայելի տարածք է ներթափանցել ցամաքով, ծովով և օդով։ Ի պատասխան՝ Իսրայելը սկսել է հրթիռակոծել Գազայի հատվածը։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցում է 2450-ը։ Իսրայելում զոհերի թիվը մոտ 1400 է։

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը արաբա-իսրայելական ավելի մեծ հակամարտության բաղկացուցիչն է, շարունակվում է 20-րդ դարի կեսերից մինչ օրս` հանդիսանալով Մերձավոր Արևելքում անկայունության աղբյուրներից մեկը:

Մեկնաբանել