Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է Փաշինյանի ելույթը: Այդ մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
«Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով։ Նախատեսված են նաև այլ հանդիպումներ»,- տեղեկացնում է նա։
Հոկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպել էր Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Եվրոպացի պաշտոնյան Փաշինյանին հրավիրել էր խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալու։