Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բան Կի Մունին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Նալբանդյանին խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և նշել, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ:

Բան Կի Մունի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել մարդասպան Սաֆարովի ազատ արձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և կազմակերպության այլ կառույցների կողմից միանշանակ արձագանքները:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի, Հազարամյակի զարգացման և կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոպենհագենի և Դուրբանի գագաթնաժողովների լույսի ներքո կարևորել է մինչև 2015թ. կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի համընդհանուր պարբերական զեկույցի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործընթացին:

Բան Կի Մունը գոհունակություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին երկրի իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Մեկնաբանել