Գլխավոր Լրահոս

Ի՞նչ ճանապարհներ է Ադրբեջանը կառուցել Ջերմուկի հատվածում

Ի՞նչ ճանապարհներ է Ադրբեջանը կառուցել Ջերմուկի հատվածում

Անի Ավետիսյան, #CivilNetCheck 

Վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվել էր  լուսանկար, որում երևում է հայ-ադրբեջանական սահմանի կողմից դեպի Ջերմուկ քաղաք կառուցված ճանապարհ։ 

«Մեկը կբացատրի Ադրբեջանը ի՞նչ ճանապարհ է կառուցում դեպի Ջերմուկ քաղաք» գրառմամբ լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան մի օգտատեր՝ Տիգրան Հակոբյան անունով։ 

Լուսանկարն արված է Ջերմուկի տարածքից, իսկ հեռվում երևում է մեկ ամբողջություն թվող ճանապարհը։ Իրականում, սակայն, նկարողի անկյունից է նման տպավորություն ստեղծվում, և սրանք երկու տարբեր ճանապարհ են, որոնցից մեկը սկիզբ է առնում Ջերմուկից, մյուսը՝ Ադրբեջանի սահմանի կողմից։ 

Օգտատիրոջ կողմից հրապարակված լուսանկարը

Համացանցում տարածված լուսանկարը

Թեպետ լուսանկարից տպավորություն է, թե մեկ ընդհանուր մեծ ճանապարհ է ձգվում հայ-ադրբեջանական սահմանից դեպի Ջերմուկ քաղաք, սական արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ իրականում խոսքը երկու տարբեր ճանապարհների մասին է՝ մեկը՝ կառուցված Ջերմուկի կողմից, մյուսը՝ վերանորոգված կամ նոր կառուցված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Երկու մեծ ճանապարհները, սակայն, կապված են ավելի փոքր ճանապարհով, ինչպես երևում է արբանյակային լուսանկարում։

Տարածված լուսանկարի ու արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու տարբեր ճանապարհներ են։ 

Ըստ արբանյակային լուսանկարների՝ կապող այդ ճանապարհը առկա էր մինչև Ադրբեջանի՝ 2022-ի սեպտեմբերի հարձակումը։ Իսկ Ադրբեջանը ճանապարհները կառուցել է ոչ թե Ջերմուկ մտնող ճանապարհին կապվելու, այլ փաստացի Հայաստանի տարածքում կառուցված  իր դիրքերի հետ կապ ստեղծելու համար։ 

Արբանյակային լուսանկարն արվել է 05.09.2023-ին (Sentinel-2 արբանյակ)

Ինչ են փաստում արբանյակային լուսանկարները

Ադրբեջանի զինված ուժերը Ջերմուկի և Հայաստանի մի քանի այլ հատվածներում տարածքներ էին գրավել 2022-ի սեպտեմբերին, Սյունիքում որոշ հատվածներում, Գեղարքունիքում՝ սկսած 2021-ի մայիսից։ 

Արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելով՝ կարելի է նկատել, որ Ջերմուկի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանի զինուժն է տեղակայված, մեկ տարում ամրաշինական և  շինարարական բավական մեծ աշխատանքներ են իրականացվել։ 

#CivilNetCheck-ը 2022-ի հոկտեմբերին գրել էր Ջերմուկի տարածքում ադրբեջանական առաջխաղացման մասին՝ օգտվելով արբանյակային լուսանկարներից և բաց աղբյուրներում առկա տեղեկություններից։  

Նկարում նշված հատվածում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքն է Ջերմուկի հարևանությամբ՝ 2022-ի հոկտեմբերի դրությամբ։ 

Արբանյակային թարմ լուսանկարներում երևում են այս հատվածում, ինչպես նաև սահմանից այն կողմ տեղի ունեցած շինարարական աշխատանքները, որոնց միջոցով Ադրբեջանի տարածքից նախորդ տարի գրավված տարածքների հետ կապ է հաստատվել։ 

Ստորև լուսանկարներում երևացող սպիտակ գիծը պետական սահմանն է, դրանից ձախ ընկած հատվածում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում մի քանի ուղղություններով տեղակայվել են ադրբեջանական զորքեր։ Նկատելի է, որ մեկ տարվա ընթացքում նրանք թարմացրել են գործող ճանապարհները, որոշ տեղերում կառուցելով նոր՝ կապող ճանապարհներ՝ հատկապես սահմանային հատվածում։ Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցել նաև սահմանի իր կողմում՝ երկու ուղղությամբ կապվելով Հայաստանի ներսում ամրացած ադրբեջանական զինված ուժերի դիրքերի հետ։ 

Ջերմուկի հարակից տարածքները 2022 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի հարձակումից առաջ և 2023 թվականի օգոստոսին։

Արբանյակային լուսանկարները նաև փաստում են, որ Ադրբեջանը ճանապարհ է կառուցել դեպի նախորդ տարի իրենց գրաված դիրքը, որտեղից պետք  է վաղուց հեռացած լինեին։ Նման հավաստիացում անցալ տարի արել էր ՀՀ Գլխավոր շտաբի պետը՝ նշելով, որ նրանք չունեն սնունդ և ջուր, և «ՀՀ զինված ուժերի հմուտ գործողությունների արդյունքում նրանք կհեռանան»։ Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլև հսկայական ամրաշինական և ինժեներական աշխատանքներ են իրականացրել այդ հատվածում։ 

Արբանյակային լուսանկարները փաստում են նաև, որ Ադրբեջանի տարածքից սկսվող ճանապարհներն ավելի են մոտեցել Ջերմուկ քաղաքի մատույցներին։ 

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած և վերանորոգված ճանապարհները. 2023 թվական։ Աղբյուր՝ Sentinel Hub

Ադրբեջանական սահմանից սկսվող երկու ճանապարհները ավարտվում են Ջերմուկի բնակելի հատվածներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ճանապարհներից մեկը ճյուղավորվում է և ավարտվում է ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի մոտ։ 

Մյուս ճանապարհն ավարտվում է Ջերմուկից վեր գտնվող լեռների մոտ, որտեղ ադրբեջանական դիրքերի առկայությունն արբանյակային լուսանկարներով պարզել չստացվեց՝ վատ որակի պատճառով։

Ինչ է ասվել նախկինում

2022-ի սեպտեմբերի 16-ին Ջերմուկում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ասել էր, որ ադրբեջանական զինուժը խմբերով և ջոկատներով Հայաստանի ինքնիշխան տարածք էր մխրճվել 8,5 կմ լայնությամբ ճակատով՝ մինչև 7,5 կմ խորությամբ, նշելով, որ ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում էին Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։

Ջերմուկից բացի, Ադրբեջանը գրավել է տարածքներ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, սակայն զգալիորեն ավելի փոքր չափերի։ 2021-ի մայիսից սկսած՝ ըստ հրապարակված վերջին տվյալների, Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 150 քկմ տարածք նշված երեք մարզերում։ 

Ադրբեջանի՝ Ջերմուկում գրաված տարածքի իրական չափերը հանրայնացվել էին պատահաբար՝ 2022-ի սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ-ի կայքում հրապարակված մի նյութին կից, որտեղ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը կանգնած էին Հայաստանի քարտեզի մոտ։ Լուսանկարը հետագայում հեռացվել էր կայքից, սակայն պահպանվել համացանցում։ 

Ադրբեջանի իշխանությունները նախորդ տարվա սեպտեմբերի ագրեսիայից հետո փոխել են պաշտոնական նարատիվը՝ հայ-ադրբեջանական սահմանը կոչելով «պայմանական» սահման և պնդելով, որ սահմանազատման բացակայության պարագայում «ոչ ոք չի կարող պնդել, թե որտեղով է անցնում սահմանը»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարել էր, թե ադրբեջանական զորքերը գտնվում են իրենց տարածքում՝ նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած զորքերին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում