Գլխավոր Լրահոս

Ակադեմիական քաղաքն Աշտարակի փոխարեն կկառուցվի Երևանում

Ակադեմիական քաղաքն Աշտարակի փոխարեն կկառուցվի Երևանում

Կառավարությունը որոշել է Ակադեմիական քաղաքն ի վերջո կառուցել Երևանում, մասնավորապես՝ Երևանի 17-րդ թաղամասում։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով Ակադեմիական քաղաքի հայեցակարգը։

«Պետք է հնարավորություն լինի տարածքում տեղակայելու մինչև 16 բուհ՝ 8 պետական խոշորացված բուհեր ու 8 մասնավոր, միջազգային բուհեր։ Լինելու են 4 կլաստերներ՝ տեխնոլոգիական, արվեստի, կրթական ու սպայական»,- ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախատեսվող կլաստերները հարելու են Մ1 մայրուղուն, իսկ Երևանի հետ կապը ապահովվելու է երկաթգծային տրանսպորտի միջոցով։ 

«Ակադեմիական քաղաքում տեղաշարժը կազմակերպվելու է էլեկտրոնային տրանսպորտով, հեծանիվներով ու այլ եղանակներով։ Այստեղ բնակվելու ու աշխատելու է 44 000 մարդ։ Այս տարածքում է նախատեսվում հիմնել նաև ազգային ստադիոն՝ մինչև 35 000 հանդիսատեսի համար»,- հայտարարեց նախարարը։ 

Ակադեմիական քաղաքի մյուս տեղամասը, որն ըստ կառավարության պատկերացման ավելի շատ պահեստային տարածք է դիտարկվում, «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքն է։ Այն գտնվում է Աշտարակի խճուղում։

Նոյեմբերին Լոնդոն է այցելելու Հայաստանից պատվիրակություն՝ Լոնդոնի արվեստների թանգարանի հետ քննարկումների համար, որը վերաբերելու է արվեստների կլաստերին։ 

Ակադեմիական քաղաքի կառուցումն ըստ ժամանակցույցի ունենալու է 3 փուլ՝ հոկտեմբերից մինչև 2025-ի սեպտեմբեր կլինի դրա նախագծման գործընթացը, 2025-ի հոկտեմբերից մինչև 2029-ի դեկտեմբեր շինարարական աշխատանքները կսկսվեն ու կավարտվեն, 2030-ից էլ կսկսվի Ակադեմիական քաղաքի ամբողջական շահագործումը։ 

Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ չհստակեցրեց՝ ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու քաղաքի կառուցումը, որքան է արժենալու ողջ ծրագիրը. «Սա մեր ամենախոշոր ծրագրերից մեկն է։ Ունենք պլանավորումներ ֆինանսավորման սխեմաների մասին»,- ասաց նա։ 

***

Կառավարության սեպտեմբերի 1-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գործադիրը մտադիր է Աշտարակում ակադեմիական քաղաք կառուցել։ Փաշինյանը նշել էր, որ նպատակ կա ունենալու միայն ութ պետական կոնսոլիդացված բուհ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում