Սամվել Շահրամանյանն առաջիկայում կխոսի համացանցում շրջանառվող լուրերի մասին․ շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել համացանցում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, ըստ որոնց՝ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք։ Շտաբը հաղորդում է, որ հարցի շուրջ հրապարակային մեկնաբանությամբ հանդես կգա Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Զանգվածային որոշ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեղեկությունները, թե իբր սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք, տրամադրել փոխառություններ կամ կանխիկ գումարներ, իրականությանը չի համապատասխանում:

Հորդորում ենք նման տեղեկությունների տիրապետող քաղաքացիներին դիմել ՀՀ իրավապահ մարմիններին, ներկայացնել հանցագործության մասին համապատասխան հաղորդումներ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հատկապես այս բարդ ժամանակաշրջանում կոչ ենք անում տուրք չտալ տարբեր նպատակներ հետապնդող կեղծ և չճշտված տեղեկություններին:

Տեղեկացնում ենք, որ այս և մի շարք այլ հարցերի նախագահ Սամվել Շահրամանյանն առաջիկայում կանդրադառնա հրապարակային իր խոսքում»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել