Նիկոլ Փաշինյանի «անկախ» փորձագետներն ու նրանց այլընտրանքային իրականությունը

Վերջերս եվրոպական ամենաազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկի փորձագետների խմբի հետ հայաստանյան մի քանի փորձագետներով աշխատանքային ճաշ ունեցանք, որի ընթացքում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաև խմբի անդամների՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ստացած տպավորությունների վերաբերյալ։

Քննարկման ընթացքում փորձագիտական այդ խմբի անդամներից մեկը, որը միջազգային հարաբերությունների հայտնի տեսաբան է, տրամաբանական հարց հնչեցրեց՝ ինչու այս մասշտաբի արտաքին քաղաքական ու անվտանգային ձախողումներից հետո ՀՀ իշխանությունների նկատմամբ տեսանելի դժգոհություն չի նկատվում Հայաստանում։

Այս հարցի ամենաակնհայտ պատասխանը, իհարկե, այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը վարկաբեկված է և իր գոյությամբ, ինչպես նաև իրականությունից կտրված մոտեցումներով լեգիտիմացնում է գործող իշխանությունների աղետալի քաղաքականությունը։ Քաղաքական իրական այլընտրանքի բացակայության պարագայում հայաստանյան հասարակության պասիվ մեծամասնությունը, որը, ըստ տարբեր սոցիալական հարցումների, չի աջակցում քաղաքական դաշտում առկա ուժերից որևէ մեկին, չի դառնում ակտիվ մեծամասնություն։

Այնուամենայնիվ, այս երևույթը, որը զարմացնում է նույնիսկ Հայաստանում մի քանի օր անցկացրած օտարերկրյա փորձագետներին, ունի նաև այլ պատճառներ։

ՀՀ իշխանությունները 44-օրյա պատերազմում պարտությունից ամիսներ հետո սկսեցին մտածել լոյալ փորձագետներից ու հանրային գործիչներից բաղկացած ցանցի ստեղծման ուղղությամբ, որոնց միջոցով հնարավորություն կստեղծվեր վերահսկել ներհայաստանյան խոսույթները։ Այս մտահղացումը առաջին անգամ քննարկվել է դեռևս 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից ամիսներ առաջ։

Սակայն այն ավելի առարկայական տեսք ստացավ 2022-ի ընթացքում, երբ ստեղծվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տարբեր փորձագետներից, լրագրողներից, հասարակական գործիչներից ու ֆեյսբուքյան ակտիվիստներից բաղկացած ձևաչափ, որի շրջանակում երկրի ղեկավարը այս խմբին ներկայացնում էր իշխող ուժի պատկերացումներն ու մոտեցումները առկա գործընթացների վերաբերյալ։

Վարչապետի հետ այս ձևաչափով հանդիպումները ինչ-որ փուլից պարբերական բնույթ սկսեցին կրել։ Դրանց ընթացքում Փաշինյանը և այլ պաշտոնյաներ իշխանական տարատեսակ պատումներ ներկայացնում էին այդ խմբին։ Այդ հանդիպումների մասնակցիների զգալի մասը հետագայում այդ պատումները արդեն տարածում է իրենց հարցազրույցների ու հրապարակումների միջոցով։ Իհարկե, ոչ կոռեկտ կլիներ պնդել, որ այդ հանդիպումների բոլոր մասնակիցներն են զբաղվում իշխանական քարոզչության տարածմամբ, բայց ակնհայտ է, որ նրանցից որոշակի կորիզ է ձևավորվել, որը որևէ խնդիր չի տեսնում այդպիսի գործառույթ կատարելու մեջ։

Այդպիսի դեր կատարող գործիչներից ժամանակի ընթացքում ձևավորվել է ոչ ֆորմալ ցանց, որի միջոցով իշխանությունները կարողանում են ոչ միայն սեփական խոսույթները տարածել լրատվական դաշտում, այլև սեփական ձախողումների համար պատասխանատվությունը հաջողությամբ բաշխել այլ դերակատարների միջև։ Հանրային հեռուստատեսության նկատմամբ իշխանությունների վերահսկողությունը թույլ է տալիս քարոզչական այդ բոլոր խոսույթները «անկախ» փորձագետների ու հանրային գործիչների այդ ցանցի միջոցով հասցնել լայն հանրությանը՝ վերահսկելով հանրային դիսկուրսը Հայաստանում։ Քարոզչական այս պատումները տարածվում են նաև այդ մարդկանց սոցիալական ցանցերի ու այլ լրատվամիջոցներում նրանց հրապարակախոսական գործունեության միջոցով։

Իշխանությունների ստեղծած այս ոչ ֆորմալ ցանցին հաջողվում է հայաստանյան հանրության զգալի մասին ներշնչել գաղափարը, թե վերջին շրջանի աննախադեպ արտաքին քաղաքական ու անվտանգային ձախողումները օրինաչափություններ էին, որոնցից անհնար էր խուսափել։ Ավելին, այս խմբերը հանրության մոտ ստեղծում են պատրանք, թե Հայաստանը շարունակավար արտաքին քաղաքական հաջողություններ է գրանցում՝ թուլացնելով կախվածությունը Ռուսաստանից ու ամրապնդելով երկրի ինքնիշխանությունը։

Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ փաստացիորեն իշխանական քարոզչությամբ զբաղվող այս գործիչները երբեմն տարբեր շարժառիթներ ունեն։ Որոշները համոզված են, որ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ իրենց պատկերացումները համապատասխանում են իրականությանը, մյուսները համոզված են, որ նմանատիպ քայլերով պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանությունը, այլ ոչ թե սպասարկում նեղ իշխանական շահեր։ Շատերը սակայն գիտակցաբար ներգրավվում են այս գործընթացների մեջ՝ որոշակի օգուտներ ակնկալելով դրանցից (պաշտոն, կարգավիճակ, ճանաչելիություն)։

Տարբերվող շարժառիթներով գործիչներին սակայն միավորում է մեկ հանգամանք․ նրանք ստեղծում են իրականության աղճատված պատկեր, որը թույլ չի տալիս լայն հանրությանը ճիշտ գնահատել Հայաստանին սպառնացող գոյաբանական վտանգները ու այն գործոնները, որոնք խորացնում են դրանք։ Փաստացիորեն, իշխանություններն իրենց սպասարկող այս համայնքի հետ ստեղծել են այլընտրանքային իրականություն՝ փուչիկ։

Այդ առումով Հայաստանում հիրավի անկախ փորձագիտական դաշտի ու քաղաքացիական հասարակության կայացումը անվտանգային լուրջ խնդիր է։ Ներքաղաքական նպատակների համար օգտակար վերոնշյալ ձևաչափերն ու ցանցերը արդեն իսկ լրջագույն խնդիր են դառնում երկրի ներսում Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության ու ապագայի վերաբերյալ սթափ քննարկումների առկայության համար։

Մեկնաբանել