Ըստ հարցման՝ ռուսաստանցիների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վատթարացել է․ ինչո՞ւ

Սեպտեմբերի վերջին «Լևադա» ռուսաստանյան հետազոտական կենտրոնը հրապարակեց հարցման արդյունքներ, որում ռուսաստանցիներին հարցրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրենց տեղեկացվածության, կողմերի նկատմամբ վերաբերմունքի և տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման մասին։ Ստացված արդյունքների համաձայն՝ 2016 թվականից ի վեր ադրբեջանական կողմի նկատմամբ համակրանքը կրկնապատկվել է՝ հասնելով 10%-ի։ Հայկական կողմի նկատմամբ, ընդհակառակը, նվազել է մոտ կեսով (մինչև 8%)։ ՍիվիլՆեթը զրուցել է հոգեբանության և սոցիալական քաղաքականության մագիստրոս, գիտաշխատող Աննա Լեոնտևայի հետ ռուսաստանցիների վերաբերմունքի ձևավորմանը նպաստող գործոնների, Հայաստանի տեղեկատվական քաղաքականության և այն մասին, թե որքանով արժե վստահել ժամանակակից ռուսական սոցիոլոգիային:

Աննա Լեոնտևան


Ռուսաստանցիների վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. ի՞նչ են ասում հարցումները

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռուսաստանցիների վերաբերմունքի մեկնաբանությունը անհրաժեշտ է սկսել այն հարցից, թե արդյոք պետք է վստահել ռուսաստանյան ժամանակակից սոցիոլոգիային:

Իրոք, «Լևադա» կենտրոնը Ռուսաստանի Դաշնությունում հայտարարված է «օտարերկրյա գործակալ», ինչն առավել հաճախ մատնանշում է հավատարմությունը քաղաքացիական հասարակության արժեքներին, այդ թվում ՝ աշխատանքի որակի հաշվին բարեխիղճ մրցակցության պատրաստակամությունը։ Բայց ժամանակակից Ռուսաստանում հասարակական կարծիքը կապ չունի սոցիոլոգների բարեխղճության հետ, որը կասկածից դուրս է:
Դժվար է իմանալ, թե իրականում ինչ են մտածում ռուսաստանցիները։ Քաղաքական թեմաներով հարցումներից խուսափողների թիվը վերջին մեկ տարում գերազանցել է 90 տոկոսը: Որքանո՞վ են այս մնացած 5-10 տոկոս ձայները ներկայացնում հասարակությունը և այն էլ ՝ ինչ-որ իրական դիրքորոշումեր նրանում։

Ռուսաստանում կամ Ադրբեջանում մարդիկ պարզապես չգիտեն՝ ինչ անել իրենց կարծիքի հետ
Վերջին երկու տարիներին հասարակագետների շրջանում ակտիվ բանավեճ է ծավալվել այն մասին, թե ինչ են ցույց տալիս հասարակական կարծիքի հարցումները այն ռեժիմներում, որտեղ բացակայում են հանրային երկխոսությունը և դիրքորոշումներ ունենալու և ըստ սեփական դիրքորոշման գործելու հնարավորությունը: Վեճը ծագել է նրանից, որ փորձ է արվել հասկանալ, թե արդյոք ռուսներն աջակցում են երկրի նախագահի ագրեսիվ քաղաքականությանը։ Ի տարբերություն Հայաստանի, որտեղ հրապարակային երկխոսությունը շատերին չի գոհացնում, բայց շարունակվում է տարբեր հարցերի շուրջ, Ռուսաստանում կամ Ադրբեջանում մարդիկ հասարակական կյանքում իրենց կարծիքի հետ պարզապես անելիք չունեն, միայն ստիպված են կարգավորել հետապնդումների ռիսկերը:

Ռուսաստանցի սոցիոլոգ Գրիգորի Յուդինը կարծում է, որ Ռուսաստանում ներկայիս ճնշումների պայմաններում իմաստ ունի դիտարկել միայն պատասխանների դինամիկան և խմբերի միջև համեմատությունը, բայց ոչ այս կամ այն կարծիքի հետ համաձայնության բացարձակ թվերը: Իհարկե, Ռուսաստանում մարդիկ չեն հետապնդվում Արցախի մասին ոչ ճիշտ կարծիքի համար այնպես, ինչպես կարող է տեղի ունենալ, օրինակ, Ուկրաինային աջակցելու դեպքում: Այնուամենայնիվ, հարցումն անցկացվել է այն ժամանակ, երբ նույն մարդիկ, որոնք «բացատրել են», թե ինչ քաղաքական պատումներ (նարատիվներ) պետք է պաշտպանել ռուսական քաղաքականության վերաբերյալ, բոլորը միաձայն և շատ էմոցիոնալ կերպով սկսել են «մեկնաբանել» այս հարցման թեման:

Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը

Հայաստանի նկատմամբ վերբերմունքը վերջին յոթ տարիներին վատթարացել է. եթե 2016թ. Հայաստանի նկատմամբ լավ վերաբերմունք ունեին հարցվողների 79 %, 2020 թ.՝ 62 %, ապա այս տարվա սեպտեմբերին՝ միայն 53 %: Հայաստանին բացասաբար է վերաբերվում 29 %-ը: Առավել լավ են վերաբերվում Հայաստանին մինչև 24 տարեկան հարցվողները՝ 69 %, ամենավատ վերաբերմունքն ունեն 55 տարեկանից բարձր անձինք՝ 45 %:

Ինչո՞ւ են ռուսները սկսել ավելի վատ վերաբերվել հայկական կողմին՝ 2016 և 2020 թվականների համեմատ

Այս պատասխանները ինչ-որ չափով արտացոլում են ռուսաստանցիների պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է խոսել իրավիճակի մասին, այլ ոչ թե ձևավորված կարծիքներ։ Սա նաև պատասխանում է այն հարցին, թե ինչո՞ւ են ռուսաստանցիները սկսել ավելի վատ վերաբերվել հայկական կողմին 2016 և 2020 թվականների համեմատ։ Ամենահավանական պատասխանը Ռուսաստանում հաստատված ռեժիմն է և այն կասկածամտությունը, որը նա փոխանցում է ավելի ժողովրդավարական հասարակություններին։ Անուղղակիորեն դա հաստատվում է նրանով, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի ամենալուրջ վատթարացումը, ըստ ամենայնի, բաժին է ընկել Ռուսաստանի ամենատարեց սերնդին, որն ավանդաբար ավելի շատ է սպառում հեռուստատեսային քարոզչությունը և Հայաստանին մեղադրում էսկալացիայի մեջ ։
Եթե համեմատենք Telegram-ով լուրեր կարդացողներին հեռուստացույց դիտողների հետ, ապա առաջինները (ենթադրաբար ռուսական քարոզչությունից մի փոքր ավելի հեռու լինելով) երկու անգամ ավելի հաճախ են Ադրբեջանին ագրեսոր ճանաչում 2023 թվականին (26% ՝ 13% -ի դիմաց) և մեկուկես անգամ ավելի քիչ ՝ Հայաստանը (8% ՝ 12% – ի դիմաց) ։

Կա հստակ անջրպետ սերունդների միջև

Ռուսաստանյան հասարակության մեջ սերունդների միջև հստակ անջրպետ կա շատ հարցերի շուրջ. ավագ սերունդը (թոշակառուները) բոլոր հարցումներում ավելի լոյալ դատողություններ և պահպանողական արժեքներ են դրսևորում, մինչդեռ երիտասարդ սերունդը ամենևին էլ պատրաստ չէ աջակցելու Ռուսաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությանը և արդարացիորեն դրանում իր համար միայն վնասներ է տեսնում:
Բայց պետք չէ կարծել, որ այս հարցումը ցույց է տալիս, թե ռուս երիտասարդները ավելի բարյացակամ են հենց Հայաստանի նկատմամբ (18-24 տարեկանների խմբի 69%-ը դրական է տրամադրված): Դատելով այս հարցումից՝ երիտասարդները պարզապես ավելի լավ են վերաբերվում իրենց հարևաններին․ երիտասարդների 68%-ը դրական է վերաբերվում Ադրբեջանին, իսկ 70%-ը՝ Թուրքիային։

Հարցման տվյալներին հասանելիություն ունենալու դեպքում կարելի կլիներ ստուգել այն ենթադրությունը, որ նրանք պարզապես նույն մարդիկ են, որոնք չեն ցանկանում ընկղմվել իրենց առաջարկվող «պաշարված ամրոցի հոգեբանության» մեջ:

Եթե խոսենք վերաբերմունքի որակական փոփոխության մասին, ապա հենց Հայաստանն է աճող դեր խաղում ռուս ակտիվ երիտասարդ սերնդի կյանքում։ Ռուսաստանյան գիտական, կրթական և ստեղծագործական շատ համայնքներ այժմ ավելի հաճախ են հանդիպում Երևանում, քան Մոսկվայում։ Ապագայի արվեստաբանները դեռ կգրեն «2020-ականների Երևանը ռուսական մշակույթում» թեմայով հատորներ։

Վերադառնալով խնդրին՝ թերևս կարելի էր հասկանալ, թե ինչպես է իրականում փոփոխվում ռուսների վերաբերմույքը Հայաստանի նկատմամբ այլ, ավելի բարդ և հնարամիտ հարցումներից՝ դրանք համադրելով հայկական ապրանքանիշերի հանրաճանաչության դինամիկայի տվյալների հետ և այլն։

Օրինակ, ես չեմ բացառում, որ 2023-ին Արցախի վրա հարձակման գործում ԱՄՆ-ի կտրուկ աճած «դերը» այս պատասխաններում (2023-ին՝ 41 տոկոս՝ 2016-ին և 2020-ին՝ համապատասխանաբար 23 տոկոսի և 21 տոկոսի դիմաց) կոնֆորմիստական, բայց ոչ հակահայկական պատասխան տալու ձև է։ Ես ուշադրություն դարձրի, որ «դուք ում կողմից եք» հարցում հակամարտությունից անտեղյակների շրջանում 5% -ը «ընտրել է» Հայաստանը, 2% -ը՝ Ադրբեջանը։

Եթե այս արդյունքը կրկնելի է, ապա կարելի է խոսել ռուս հասարակության մեջ Հայաստանի նկատմամբ համակրանքի մեծ պաշարի մասին։ Բայց նույնիսկ այս հետազոտության մեջ, հասկանալի պատճառներով (հետևեք դինամիկային), հարցը տրվել է ռազմական հակամարտության մասին, թեև 2023-ի իրադարձությունների բովանդակությունը բոլորովին այլ էր, քան 2016-ին և 2020-ին:

Ընդհանուր առմամբ, այս հարցումն ավելի շուտ հարցեր առաջադրելու և ենթադրություններ անելու առիթ է տալիս։ Հիրավի, այս հարցման մեջ անտեսանելի է մնում քաղաքացիական բնակչության բազմամսյա շրջափակումը, որի շուրջ այժմ միջազգային երկխոսություն է ծավալվում։ Այնպես որ, կարելի է անցնել այն հարցին, թե ինչու է քննարկումն այդքան հեռու հայկական նարատիվներից։

Հայաստանի տեղեկատվական քաղաքականությունը կաղում է

Ինչպես շատերը, ես նույնպես, Հայաստանի տեղեկատվական քաղաքականությունը շատ թույլ եմ գնահատում։ Այս մասին անընդհատ խոսում են փորձագետները, այդ թվում, բառացիորեն այս շաբաթ ՍիվիլՆեթի եթերում (և Հասմիկ Եղյանը, և Արդա Նազարյան-Հարաթյունյանը ՀԲԸՄ-ից), և մնում է միայն նրանց միանալ։

Ես խնդիր չեմ տեսնում ուղերձները ձևակերպելու մեջ. Հայաստանի դիրքորոշումն այժմ շատ հասկանալի է միջազգային իրավունքի լեզվով։ Բայց խնդիրը դրա փոխանցման ներդաշնակեցումն է, այդ թվում, ինչպես հայերի տարբեր խմբերի, այնպես էլ երկրի կառավարության հետ տեղեկատվական քաղաքականության հարցում։

Եթե խոսենք ռուսաստանյան հասարակության մասին, ապա դժվար թե իմաստ ունի ջանքեր գործադրել ռուսներին զանգվածաբար մտափոխելու համար։ Մարգարիտա Սիմոնյանին հնարավոր չէ գերազանցել քարոզչական դաշտում՝ հաշվի առնելով նրա բոլոր ռեսուրսները, և թերևս դրա անհրաժեշտությունն էլ չկա: 2022 թվականի սկզբին Ուկրաինան մեծ միջոցներ ծախսեց՝ փորձելով ազդել ռուս հասարակական կարծիքի վրա, մասնավորապես, սոցիալական ցանցերում տեղեկատվական թիրախային արշավներ սկսելով։ Բայց երբ դրա պատասխանը ռեպրեսիաներն են, իսկ սեփական դիրքորոշումն արտահայտելու միջոց միևնույն է՝ չկա, ապա նման ջանքերի արդյունավետությունը հարցականի տակ է։ Որքան գիտեմ, ուկրաինացիները հիմա որոշել են ռեսուրսները չվատնել լրատվական դաշտում։

Դիտարկելով այս հարցումը՝ պետք է վերադառնալ Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման քաղաքականությանը և մտածել ռուսահայ Սփյուռքին ուղղված լրատվամիջոցների զարգացման մասին։

Միևնույն ժամանակ, կա նաև անկախ ռուսալեզու մամուլ, որը գործում է երկրի սահմաններից դուրս, բայց փորձում է հասնել ներքին լսարանին։ Ինձ թվում է, որ ժամանակն է նման լրատվամիջոցների լրագրողների հետ հարաբերություններ հաստատել: Իրադարձությունների լուսաբանման վերաբերյալ ցանկություններն ու խնդրանքներն, օրինակ, արտահայտված են այս բաց նամակում։

Բայց սա պահանջում է մեծ աշխատանք, լրագրողների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցում և մշտական երկխոսություն՝ իրադարձությունների հստակ նկարագրությամբ: Այս ճանապարհին շատ կոնկրետ խնդիրներ և հարցեր են առաջանում: Օրինակ, շատ կրթված ռուսաստանցիներ հարգում են Ռուբեն Վարդանյանին (գուցե համեմատելով նրան Ռուսաստանում նմանատիպ այլ գործիչների հետ) և խորապես ցավում են նրա վիճակի համար: Միևնույն ժամանակ, նրանք չեն հասկանում և հուսահատվում են, որ Հայաստանում, որտեղ ակնկալում են առավելագույն արձագանք իրենց այս հույզերին, այս գործչի հանդեպ ավելի բարդ զգացմունքներ են տածում:

Նման շատ թեմաներ կան, որոնք պահանջում են խորը կառուցողական մեկնաբանություններ և դեռ կլինեն։ Հայաստանում ռուսական նոր սփյուռքը վստահաբար շահագրգռված է աջակցել այս գործին, ուստի, հուսով եմ, որ այստեղ լավ հեռանկարներ կան:

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել