Անի Գրիգորյան, #CivilNetCheck
«5-րդ ալիքի» «Հայլուր» հաղորդման հոկտեմբերի 19-ի գլխավոր՝ 20:30-ի թողարկման ժամանակ անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված արցախցիներին կառավարության աջակցությունը: «5-րդ ալիքը», սակայն, մոլորեցնող, թերի տեղեկատվություն է հաղորդել։
| [fact fact_id="754782"] |
Այսպես, հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում ընդունված որոշմանը՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու ու 10 000 դրամ՝ կոմունալների վճարման համար։ Այդ որոշումով պետական բյուջեից հատկացվեց գումար հոկտեմբերին անհրաժեշտ վճարումները սկսելու համար։
Արցախցիներին տրամադրվող կառավարության աջակցություններին վերաբերող ռեպորտաժում լրագրողը պնդում է անում, որ Հայաստանի կառավարությունն արցախցիներին ամբողջությամբ դեռ չի հատկացրել առաջին փոխհատուցումը՝ մեկ անձին մեկ անգամ տրվող 100 000 դրամը։
Լրագրողը, ռեպորտաժում ներկայացնելով ամենատարբեր թվեր, չի նշում, որ Արցախից տեղահանված ավելի քան 80 000 անձի արդեն իսկ վճարվել է 100 000 դրամը, որի մասին մի քանի անգամ հայտարարվել է կառավարության նիստում։
Ըստ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ հաշվառվել է Արցախից բռնի տեղափոխված 101 848 անձ։
Կառավարությունը հոկտեմբերի 19-ի դրությամբ 78 տոկոսին արդեն իսկ վճարել էր միանվագ աջակցությունը։
Ինչու է ցանկալի է անկանխիկ տալ աջակցությունը
Ռեպորտաժում այնուհետև անդրադարձ է կատարվում կառավարության նիստում ծավալված խոսակցությանը՝ աջակցությունը միայն անկանխիկ եղանակով փոխանցելու անհրաժեշտության մասին։
«5-րդ ալիքի» լրագրողն ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ բոլոր արցախցիների փոխհատուցումները քարտին արվեն, այնուհետև վարչապետի խոսքն է մեջբերվում ռեպորտաժում․ «Պոտենցիալ ստացվում է, որ մենք այդ մարդկանց զրկում ենք հետվճարի համակարգից օգտվելուց»։
Կառավարության նիստում իսկապես ներկայացվել է, որ 75 + տարիքի և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 2 600 անձի աջակցությունը տրամադրվել է կանխիկ՝ «Հայփոստի» փոստատարի միջոցով։ Մինչդեռ Փաշինյանն աջակցությունը անկանխիկ տրամադրելու համար այլ փաստարկներ է բերել․ «Թափանցիկության խնդիր կա։ Մենք պետք է համոզվենք, որ մեր տրամադրած, հատկացրած ամեն լուման հասել է ճիշտ հասցեատիրոջը։ Եթե մարդը ֆիզիկական և այլ սահմանափակումներ ունի, իսկ որտեղի՞ց երաշխիքը, որ այդ ամբողջ գումարը հասնում է նրան։ Մենք բանկային քարտ պետք է իր համար թողարկենք։ Մենք փողը փոխանցեցինք, գումարն իր մոտ է և իր տիրապետության տակ է»,- նշել է Փաշինյանը։
Իսկ լրագրողի մեջբերած հատվածը վերաբերում է ոչ թե ԼՂ բռնի տեղահանվածներին, այլ ՀՀ կենսաթոշակառուներին, որոնք դեռևս թոշակը ստանում են կանխիկ։
40 000-ով վարձով տների մասին
Նույն թողարկման շրջանակում անդրադարձ է կատարվում վարձավճարների փոխհատուցման կառավարության որոշմանը։ Հաղորդավարը մինչ ռեպորտաժի մեկնարկը հարց է ուղղում՝ ի՞սկ որտեղ են կառավարության նիստում գովազդված 40 000 ամսավճարով տները։
Մինչդեռ, ինչպես մի քանի անգամ հայտարարվել է, 40 000 դրամ աջակցությունը տրամադրվում է ոչ թե մեկ ընտանիքի, այլ ԼՂ-ից բռնագաղթած յուրաքանչյուր անձի՝ անկախ տարիքից (բացառություն են ՀՀ-ում սեփականությամբ անշարժ գույք ունեցող և ՀՀ պետական խնամքի և այլ կառույցներում գտնվող անձինք)։ Եվ, օրինակ, եթե ընտանիքում առկա է հինգ անձ, նրանք կստանան 200 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում ծախսերը փոխհատուցելու համար։
Հատկանշական է, որ ռեպորտաժում «5-րդ ալիքը» խոսում է ԼՂ-ից բռնի տեղահանված Մարատ Օհանյանի հետ, որի ընտանիքը բաղկացած է 16 հոգուց։ Լրագրողը պնդում է, թե Օհանյանը, ինչպես նաև «Հայաստանում հաստատված արցախցիների մեծ մասը, առայժմ միայն լսել է, որ կառավարությունը 40 000 դրամ է ուզում տալ յուրաքանչյուրին բնակարան վարձակալելու համար»։
Սակայն արցախցիները չէին կարող մինչև երեկ ստացած լինել 40 000 դրամ աջակցությունը, քանի որ կառավարությունը նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին է, պետական բյուջեից այդ նպատակով գումար հատկացնելու համապատասխան որոշումն ընդունել։
Ռեպորտաժում մի քանի անգամ նշվում է, որ Մարատ Օհանյանի ընտանիքը բաղկացած է 16 անդամից։ Ինչպես նշեցինք, ըստ կառավարության որոշման՝ ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անց՝ անկախ տարիքից, ստանալու է ընդհանուր 50 000 դրամ աջակցությունը։ Սա նշանակում է, որ Օհանյանը ոչ թե 40 000 դրամ վարձավճարով բնակարան պետք է փնտրի, այլ 640 000 դրամ, քանի որ այդ գումարը ամեն ամիս կստանա նրա ընտանիքը։ 160 000 դրամ էլ առանձին 16 հոգանոց ընտանիքը կստանա կոմունալների վճարման համար (այս գումարները, ըստ ցանկության, նրանք կարող են այլ նպատակով ևս օգտագործել)։
Կացարանի համար տրամադրվող 40 000 դրամներից կարող են գանգատվել մեկ-երեք անձից բաղկացած ընտանիքները, որոնց համար իսկապես մեծ մարտահրավեր կլինի հատկապես Երևանում և հարակից շրջաններում բնակարան գտնելը, սակայն Օհանյանի ընտանիքը այս մասով դժվար թե խնդիր ունենա։
Լրագրողը այնուհետև շարունակում է, թե եթե մի ընտանիքում հինգ մարդ կա, կառավարության բնակվարձի աջակցության չափը 200 000 դրամ է կազմում։ «Բայց Հայաստանում այդ գնով բնակարան չես գտնի այս օրերին, Մարատը չի գտել»,- նշում է լրագրողը։
Այս պնդումը եթե վերաբերեր Երևանին, միգուցե և արդարացված լիներ, սակայն ամբողջ Հայաստանի դեպքում այն խնդրահարույց է։ Հայաստանի շատ ու շատ մարզերում բնակվարձը բավականին ցածր է, ավելին՝ այս օրերին հայտարարվում է Տավուշի, Լոռու մարզերում բազմաթիվ դատարակ տների առկայության մասին, որոնց համար նույնիսկ վճարել անհրաժեշտ չէ։
Հին տեղեկություն՝ ռեպորտաժում
Ռեպորտաժում լրագրողը նաև հայտարարում է, թե արցախցիները 100 հոգով մարզասրահներում են գիշերում՝ ոչ 40 000 հազարն են ստացել, ոչ՝ 100 000-ները։
Այս պնդումը ևս ժամանակավրեպ է։ Խոսքերին կից ցույց է տրվում Արտաշատի մարզադպրոցի դահլիճից կադր։ Այստեղ, երբ սկսվեց արցախցիների զանգվածային տեղահանումը, իսկապես հաստատվել էր 100-ից ավելի անձ։ Սակայն շուրջ մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 13-ին, այս անձինք տեղափոխվել էին դահլիճից առանձին կացարաններ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ ներկայում նման պայմաններում գտնվող արցախցիներ չկան Հայաստանի որևէ մարզում։ Կան ընտանիքներ, որոնք բնակվում են, օրինակ, մանկապարտեզների շենքերում, սակայն նրանց պայմաններն առավել բարվոք են, և նրանց էլ կացարաններով ապահովելու ուղղությամբ քայլեր են տարվում։
Civilnet
CivilNetCheck











