Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձիք և նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո»,- գրել է նա։
Նա հայտնում է, որ առաջիկա կառավարությունում կմեկնարկեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները։
«Այսօր Հումանիտար կենտրոնի ժամը 16:00 եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ: Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն: Կառավարությունն, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում ևս կաջակցի նրանց»,- ասված է Փաշինյանի գրառման մեջ։
Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացնում է միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: