JPMorgan Chase-ը ներդրողներին $22,5 մլրդ-ի վնաս է հասցրել

2008թ. ճգնաժամին խոշոր բանկերի մասնակցությունը հետաքննող ԱՄՆ-ի դատախազության 2012-ին ստեղծված ստորաբաժանումն առաջին հայցն է ներկայացրել: Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը գերագույն դատարան հայց է ուղարկել JPMorgan Chase բանկի դեմ՝ վերջինիս մեղադրելով ներդրողներին $22,5 մլրդ խաբելու մեջ:

Համաձայն հայցի՝ սնանկացման եզրին հայտնված ամերիկյան Bear Stearns ներդրումային բանկը, որը 2008թ. գարնանը գնվել է JPMorgan Chase-ի կողմից, 2005-2007 թթ. ներդրողներին մոլորության մեջ է գցել՝ նրանց վաճառելով հիփոթեքային պարտատոմսեր, որոնց դեֆոլտի հավանականությունը շատ բարձր է եղել:

Ըստ դատախազության տվյալների՝ բանկը գնորդներին ֆինանսական այդ գործիքներով ապահովագրված փոխառությունների որակի մասին ոչ ճիշտ տվյալներ է տրամադրել: Արդյունքում ներդրողները Bear Stearns-ի պարտատոմսերի պատճառով $22,5 մլրդ-ի վնաս են կրել: Դատախազությունը բանկից պահանջել է փոխհատուցել այդ խարդախությունների և մոլորության մեջ գցող գործողությունների հետևանքով առաջացած ուղղակի կամ անուղղակի վնասները:

Նյու Յորքի դատախազությունը պատրաստվում է համանման հայցեր ներկայացնել նաև այլ բանկերի դեմ:

JPMorgan Chase-ի ներկայացուցիչը նշել է, որ բանկը մտադիր է ներկայացված մեղադրանքները վիճարկել դատարանում։ Բանկին մտահոգել է այն, որ դատախազությունը միանգամից է դիմել դատարան՝ բանկին հնարավորություն չտալով հերքել մեղադրանքները: Բանկում նշում են նաև, որ հայցը վերաբերում է Bear Stearns-ի գործողություններին մինչև 2008թ. մայիս ընկած ժամանակահատվածը՝ այսինքն նախքան JPMorgan Chase-ի կողմից կլանումը։

Նշենք, որ JPMorgan Chase-ը Bear Stearns-ը գնել է $2,3 մլրդ-ով՝ ԱՄՆ իշխանությունների ակտիվ միջամտության արդյունքում:

Մեկնաբանել