Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են սահմանին նոր կամուրջ կառուցել

Հայաստանն ու Իրանը քննարկել են հայ-իրանական սահմանին նոր կամուրջ կառուցելու հեռանկարը։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին Երևանում հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի միջև գործող կամուրջն արդեն բավարար չէ ապահովելու աճող ապրանքաշրջանառության ծավալները, ուստի Թեհրանը դիտարկում է նոր կամրջի շինարարության հեռանկարը։

Իրանցի նախարարը նշել է, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ առթիվ աշխատանքային խումբ ձևավորելու համար։

***

Հայաստանն իրանական ընկերությունների հետ այսօր ստորագրեց «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը։ Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (Իրանի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Նախատեսվում է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։

Մեկնաբանել