Ինձ վախեցնում են երևանցիները, ոչ թե բաքվեցիները

ՍիվիլՆեթի հյուրն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը:

-Բարև Ձեզ, պարոն Նավասարդյան: Կզրուցենք այս օրերին ամենաքննարկվող թեմայի` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ ԱԺ ներկայացրած միջնորդագրի մասին, որով նա պահանջում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել: Չխորանանք՝ ով է ճիշտ կամ սխալ, այլ քննարկենք այն հարցը, թե ինչպես կարող է այս գործը անդրադառնալ Հայաստանի միջազգային վարկի վրա: Հայաստանում մեղադրանք է առաջադրվում տասը տարվա ընթացքում երկիրն արտերկրում ներկայացրած արտգործնախարարի դեմ: Ի՞նչ արձագանքներ կլինեն:

– Միանշանակ կարող եմ ասել, որ բացասական: Եթե անգամ մենք միայն բարեկամ երկրներ ունենայինք, նույնիսկ նրանց մոտ այս երևույթը կառաջացներ զարմանք, էլ չեմ ասում, որ մեզ շրջապատում են երկրներ, որոնք մեզ հետ կապված բացասական երևույթներ գտնելու առիթ են ման գալիս: Այնպես որ՝ ես չգիտեմ, թե որ ուղեղային կենտրոններում է մշակվել այս միտքը, բայց կարող եմ ասել, որ այս խնդիրը երևան բերածները մեծ սխալ են գործել: Սա կոչվում է քաղաքական բուֆոնադա:

-Բացենք փակագծերը:

-Սա ծաղրանքի նման բան է մարդկության և հասարակության դեմ: Մենք ծաղրում ենք ինքներս մեզ: Հավաքված քննարկում են՝ մեղավոր է, թե ոչ, կոռուպցիա կա, թե չկա, այս բոլորը առնվազն ժպիտ է առաջացնում:

-Իշխանությունն այս հարցը ներկայացնում է որպես կոռուպցիայի դեմ պայքար, որը միջազգային հանրությունը պետք է գնահատի ըստ արաժանվույն:

-Ո՛չ: Դա այդպես չէ, այս կերպ չեն պայքարում, և Վարդան Օսկանյանը այն սուբյեկտը չէ, որից պետք էր սկսել, որովհետև ով էլ լիներ՝ իրավապահ մարմիննե՛րը պետք է որոշեն մեղավոր կամ անմեղ լինելը, սակայն սկզբից պետք է լինի մոտիվացիա, և այս դեպքում այն քաղաքական է:

Ձեր կարծիքով՝ Հայաստանում կատարվող այս իրադարձությունները ի՞նչ մոտիվացիա ունեն: Այն արձագանքը, հակազդեցությունը, որ կարող է լինել այս դեպքում, կարծես թե, չեն արդարացնում ծախսված ջանքերն ու միջոցները:

– Մի կողմից սա շատ պարզունակ երևույթ է, մյուս կողմից՝ որոշ ժամանակ անց, ըստ երույթին, հոգեբանները կզբաղվեն, թե ինչու է նման բան կատարվում: Իմ կարծիքով՝ այստեղ տարբեր գործոններ են աշխատում, առկա է խմբակային մտածողությունը՝ «ինչ որ մերը չէ՝ սխալ է»: Սա գալիս է ապացուցելու, որ մենք չունենք քաղաքական կուլտուրա, որ մեզ մոտ 100-տոկոսանոց քաղաքական մենաշնորհ է գործում: Երեկ Վարդանն ասում էր՝ կիսաավտորիտար. այս բանը բնորոշ է միայն 100-տոկոսանոց ավտորիտար ռեժիմներին: Այս բոլոր բաները պետք է վերլուծեն միջազգային ատյաններում և օտար երկրներում, որտեղ ավելի սթափ կմոտենան այս հարցերին: Մեզ մոտ ներկայում բոլոր կողմերից կրքեր են բորբոքվում, գոռում-գոչում են, մեղադրում: Ո՞վ է թույլ տվել նման բան: Մանավանդ մարդն իրոք տասը տարի նվիրել է այս երկրին, անկախ նրանից՝ ունեցել է, թե ոչ՝ սխալներ: Ինքս էլ վիճել եմ շատ անգամներ և հիմա էլ վիճում եմ Վարդանի հետ տարբեր հարցերի շուրջ, սակայն այդ մարդուն նման դրության մեջ դնելը մեծ, ազգային սխալ է:

-Չե՞ք կարծում, որ այս ամենը խոսում է պետական մտածողության բացակայության և պետական շահի չգիտակցման մասին:

– Անշուշտ:

– Մեզ մոտ տխուր ավանդույթ է ձևավորվել. սա արդեն երկրորդ դեպքն է, երբ նախկին արտգործնախարարի նկատմամբ քրեական հետապնդում է կազմակերպվում, իսկ եթե գումարենք նաև Րաֆֆի Հովհաննիսյանի հետապնդման որոշ ասպեկտները՝ նաև երրորդը: Արտգործնախարարները Հայաստանում իշխանություններին ինչո՞վ են սպառնում:

– Ոչ մի պաշտոնյա, առավել ևս՝ արտգործնախարար, չի կարող սպառնալ համակարգին, մանավանդ՝ մեզ պես ավտորիտար, համարյա ավտորիտար ռեժիմ ունեցող երկրում: Արտգործնախարարը՝ լինի Նալբանդյան կամ Արզումանյան, չի կարող ընդունել այնպիսի որոշում, որը հակասի կամ համահունչ չլինի երկրի ղեկավարության մոտեցումներին, քաղաքական գծին: Ի՞նչ կարող էր անել Վարդան Օսկանյանը, որ խարխլեր այս երկրի պետականության հիմքերը: Սա ծիծաղելի է:

-Այո, պետականության հիմքերի առումով ծիծաղելի է, սակայն երբ իշխանությունների հիմքերի մասին ենք խոսում, սա արդեն անհանգստություն է առաջացնում, քանի որ այս ամենը լուրջ մարտահրավերի արդյունք էր, որ Վարդան Օսկանյանը նետել էր իշխանություններին, և նրանք փորձեցին հակադարձել այդ գործողություններին: Նախկին արտգործնախարարի ֆիգուրը ցավոտ է ընկալվում իշխանությունների կողմից:

– Գիտեք ինչ, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի կամպանիա է գնում, փորձում են ցույց տալ, որ կարող են մոտենալ նույնիսկ այնպիսի գործչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է: Սակայն այս դեպքում վրիպում է տեղի ունեցել, որովհետև Վարդան Օսկանյանն իր ամեն ինչով, անտուրաժով, կյանքով այն անձնավորությունը չէր, որը կարող էր փորձաքար լինել դրա համար: Եվ եթե նա քաղաքական գործունեությամբ խախտել է այսպես ասած՝ ստատուս-քվոն, այլ կերպ էր պետք մոտենալ գործին: Ամեն ինչ շատ վուլգար է արվել: Մենք դեռևս չենք դուրս եկել պետական մտածողության այն մակարդակին, որ նման բաների նկատմամբ նման մոտեցումներ չունենանք: Եթե Ալիկ Արզումանյանի ժամանակ հասարակությունն ու իշխանությունները ճիշտ ադեկվատ մոտեցում դրսևորեին, հիմա նման բան չէր տեղի ունենա: Իսկ մարդիկ միշտ ընկնում են որոգայթների մեջ: Այս կապակցությամբ հիշեցի հույն մեծ փիլիսոփա, դեմոկրատիայի հայր Պերիկլեսի խոսքերը. երբ Աթենքը գտնվում էր ծանր վիճակի մեջ, Պերիկլեսն ասաց. «Ինձ վախեցնում են ոչ թե մեր թշնամիները, այլ իմ աթենցիները»: Այսօր ինձ և բոլորիս՝ սթափ մտածող մարդկանց, վախեցնում են երևանցիները, ոչ թե բաքվեցիները:

– Շատ է քննարկվում այն տարբերակը, որ մեր ամենաառաջին թշնամին մենք ենք: Թերևս՝ սկսենք մաքրվել:

– Հուսանք, որ այս պատմությունը կունենա նորմալ ավարտ: Բացի ամեն ինչից՝ Վարդան Օսկանյանը արժանի չէ սրան:

Զրուցեց Դերենիկ Մալխասյանը

Մեկնաբանել