«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպման արդյունքներով համատեղ հաղորդագրություն է տարածվել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«2023-ի հոկտեմբերի 23-ին Իրանի արտաքին գործերի նախարարի հրավերով և Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը:
Նախարարները.
1. Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիական հարևանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարևորությունը` ընդգծել են այդ առումով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի և մարդու իրավունքների հարգման կարևորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա:
2. Արտահայտելով իրենց դիրքորոշումները միջազգային տարբեր հարցերի շուրջ՝ քննարկել են տարածաշրջանում առկա ամենակարևոր հարցերը և ընդգծել այնպիսի հարթակների, ինչպիսին է տարածաշրջանային խորհրդատվական «3+3» հարթակի կարևորությունը՝ կառուցողական երկխոսության հնարավորություններ ապահովելու և տարածաշրջանի այն երկրների միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար, որոնք առաջնային դեր ունեն այդ առումով։
3. Կարևորել են տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխադարձ վստահության ամրապնդման, ազգերի բարեկեցության և տարածաշրջանի կայունության վրա։
4. Ընդգծելով մշակութային համագարծակցության, մարդկանց միջև շփումների և կրթական, գիտական, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ նախագծերի կարևորությունը:
5. Տևական խաղաղության և տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
6. Ողջունելով տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները:
7. Դրական գնահատելով այս հանդիպման արդյունքները` նրանք վերահաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի հավասար մասնակցության համար:
8. Նախարարները նաև մտքեր են փոխանակել Գազայում իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց թիրախավորման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:
9. Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լավ ընդունելության և այս հանդիպման բարեհաջող անցկացման համար: Գնահատելով տարածաշրջանում վստահության և համագործակցության միջավայրի ընդլայնման և ամրապնդման հարցում «3+3» տարածաշրջանային հարթակի պարբերական հանդիպումները՝ նրանք պայմանավորվել են, որ հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, որի անցկացման ամսաթիվը կհամակարգվի դիվանագիտական խողովակների միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։