Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար և ՀՕՊ համակարգեր

Ֆրանսիան Հայաստանին կվաճառի GM 200 ռադիոլոկացիոն երեք կայան, նաև ստորագրվել է Mistral զենիթահրթիռային համալիրների մատակարարման համաձայնագիր։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուին, փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ այդկերպ Ֆրանսիան Հայաստանին օգնում է բարելավել իր հակաօդային պաշտպանության կարողությունները․ «Երկնքի պաշտպանությունն առանցքային է»,- ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լըկորնյուն։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան նաև կօգնի Հայաստանին վերապատրաստել իր ցամաքային ուժերը և կաջակցի Հայաստանի զինված ուժերի բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված ջանքերին։ Մասնավորապես, կպատրաստվեն օպերատիվ ուսուցման ջոկատներ, հատկապես՝ լեռնային մարտի և բարձր ճշգրտության հրաձգության ուղղություններով։

Ֆրանսիական կողմն առաջիկայում կուսումնասիրի նաև Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը՝ խնդիրները վերհանելու նպատակով։

«Երկու նախարարները ստորագրել են Thales-ի արտադրության երեք GM 200 ռադարների, որոնք Ֆրանսիան տրամադրել է նաև Ուկրաինային, վաճառքի պայմանագիր։ Ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր ապագայում ֆրանսիական Mistral փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի մատակարարման վերաբերյալ»,- գրում է կայքը։

Մեկնաբանել