«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը և «Աֆեյան» հիմնադրամի համանախագահ Աննա Աֆեյանը հայտարարել են, որ 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կհատկացնեն ավելի քան 100 000 տեղահանված արցախցիներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով: Նվիրատվությունը կտրամադրի «Աֆեյան» հիմնադրամը, որը նախկինում ևս, միավորելով ջանքերն «Ավրորայի» հետ, աջակցել է արցախցիներին 2020 թվականի պատերազմից հետո: Այս վերջին ֆինանսական աջակցությունը կուղղվի մի քանի ոլորտների, այդ թվում՝ առաջնային կարիքների բավարարում, բժշկական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաև երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծում:
«Արցախի ժողովրդին ամիսներ շարունակ ահաբեկել են, հարձակվել նրանց վրա իրենց իսկ տներում, իսկ հետո բռնի տեղահանել գիշերվա կեսին։ Յուրաքանչյուր փախստական արժանի է արժանապատիվ վերաբնակեցման Հայաստանում։ Քանի որ մոտենում է ձմեռը, հիմա է գործելու ժամանակը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր արդեն քայլեր են ձեռնարկել, եւ դիմում ենք համաշխարհային հանրությանը՝ համախմբվելու եւ ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակություն մարդասիրական այս ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասված է «Աֆեյան» հիմնադրամի հայտարարության մեջ։
2020 թ. սեպտեմբերին՝ Արցախի դեմ ծավալված պատերազմից հետո, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացրեց «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը՝ աջակցելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած տեղի բնակչությանը: Տեղահանված մարդկանց տրամադրվել է սնունդ, կացարան և հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ ու կենսական նշանակության դեղորայք: Ծրագրի ընթացքում՝ մինչև 2023 թ. հունիս, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատկացրել է 2,2 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելով տեղի և միջազգային 70 գործընկերների կողմից իրագործվող 93 նախագծի:
***
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ: