Անուշ Պետրոսյան
2020-ի սեպտեմբերին Շուշիից դուրս եկա վերադարձի հստակ սպասումով։
2023-ի սեպտեմբերին Ստեփանակերտից դուրս եկա պարզապես փրկվելու հույսով։
2020-ին կար հայրիկս, ու մեր սեփական մեքենայով մեզ հասցրեց Երևան։
2023-ին ես վաղուց արդեն հայրիկ չունեի. ինձ ու մայրիկիս բարի, անծանոթ մարտակերտցիներ տարհանեցին իրենց մեքենայով։
2020-ի սեպտեմբերին Շուշիից դուրս եկա, երբ քաղաքում դեռ մարդիկ կային։
2023-ի սեպտեմբերին Ստեփանակերտից դուրս եկա վերջիններից։ Մեր փողոցում և այն հյուրանոցում, որտեղ ապրում էինք որպես Շուշիից տարհանվածներ, մեքենա ունեցողներն արդեն գնացել էին. մնացել էինք ավտոբուսի հույսին մնացածներս և թափառական շները։
2020-ի սեպտեմբերին Շուշիում թողեցինք հայրիկիս մշակած այգու բերք ու բարիքները և մեր լիառատ կյանքը։
2023-ի սեպտեմբերին Ստեփանակերտի հյուրանոցի սենյակում թողեցինք 2 կգ բլոկադային հնդկաձավար, մակարոն և երկարաշունչ հերթերում ձեռք բերված մի քանի կիլոգրամ կարտոֆիլ։
2020-ի սեպտեմբերին Շուշիից դուրս եկա բազմաթիվ նպատակներով ու երազանքներով, որովհետև անձնական կորուստ դեռ չունեի, դեռ չէի փշրվել և դեռ պիտի վերադառնայի։
2023-ի սեպտեմբերին Ստեփանակերտից դուրս եկա անորոշ ու մոլորված` սեփական հայրենիքում ու սեփական կյանքում։
2020-ի արհավիրքից հետո Շուշիի մասին շատ էի գրում. այնտեղ մի ամբողջ կյանք ու մի այգի մանուշակ էի թողել։
2023-ի արհավիրքից հետո Ստեփանակերտի մասին դեռ ոչ մի տող չեմ գրել (գուցե մի օր գրեմ գողտրիկ քաղաքի ու այն մարզադաշտի մասին, որտեղ մի փոքր հանգստություն վերագտա):
2020-ի սեպտեմբերին առաջին անգամ զգացի, թե որքան մենակ և անզօր կարող է լինել մարդը։
2023-ի սեպտեմբերին երկրորդ անգամ զգացի, թե որքան մենակ և անզօր կարող է լինել մարդը։
2020-ի սեպտեմբերին հասկացա, որ ցանկացած անելանելի իրավիճակում մարդն իր հույսը պետք է դնի միայն իր և Աստծո վրա։
2023-ի սեպտեմբերին համոզվեցի, որ ցանկացած անելանելի իրավիճակում մարդն իր հույսը պետք է դնի միմիայն իր և Աստծո վրա։
Երկու անգամ անցել եմ դժոխքի միջով կամ էլ դժոխքի տարբեր փուլերով։ Դժվար է ասել, թե երեք տարվա մեջ երկու անգամ բռնի տեղահանված մարդը, որ դժոխքում է իրեն ավելի շատ կորցրել... Վախենում եմ պատկերացնել, որ կան մարդիկ, որոնց անցած դժոխքն իմ անցածից ավելի դժոխային է...
Բայց… երկու անգամ էլ ծանոթացա բարի և սրտացավ մարդկանց հետ, որոնք իրենց հայտնությամբ զգացնել տվեցին Աստծո ներկայությունն այս անհեթեթ աշխարհում…
***
Անուշ Պետրոսյանը մինչև 2020-ի պատերազմը բնակվել է Շուշիում, քաղաքի կորստից հետո տեղահանվել և հաստատվել է Ստեփանակերտում։ 2023-ին Անուշն արդեն Ստեփանակերտից բռնի տեղահանվել է և եկել Հայաստան։
Civilnet











