Հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,7%

2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 9,7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ընդ որում սեպտեմբերին տնտեսական ակտիվության տեմպը կտրուկ դանդաղել է` կազմելով 5,6%-ով, այն դեպքում, երբ օգոստոսին այն եղել է 10,9%:

Վիճակագրական կոմիտեի ներկայացրած օպերատիվ տվյալներով, հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ տնտեսության երեք ճյուղերում է նկատվել դինամիկ աճ:

Առաջին տեղում առևտրաշրջանառությունն է`+23,3%, որին հետևում է շինարարությունը՝ +17%: Առաջին եռյակը եզրափակում է ծառայությունների ոլորտը՝ +13,4%: Աննաշան աճել են գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը` համապատասխանաբար +1,7 և 0,6 տոկոսներով։

Նույն ոլորտները եղել է աճի հիմնական շարժիչները նաև սեպտեմբերին: Առևտրի շրջանառությունն աճել է 24,2%-ով, շինարարությունը՝ 15,7%-ով, իսկ ծառայությունների ոլորտում աճն ավելի համեստ է եղել`4,6%: Սեպտեմբերին որոշակի ակտիվություն է ցուցաբերել արդյունաբերությունը. ոլորտում աճը կազմել է 4,3%։

Այս տարվա 9 ամիսներին առաջանցիկ տեմպով աճում է արտաքին առևտրաշրջանառությունը, թեպետ նախորդ տարվա նկատմամբ տեմպը նվազել է, որը պայմանավորված է նաև արդեն իսկ առկա բարձր բազայի էֆեկտով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 47,2%-ով. արտահանումն աճել է 48,5%-ով, իսկ ներմուծումը՝ 46,4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Սեպտեմերին արտաքին առևտրի դինամիկան ևս դրական է: Առևտրաշրջանառությունն աճել է 15,9%-ով. արտահանումն աճել է 31,5%-ով, իսկ ներմուծումը՝ 5,6%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում գնաճը կազմել է 2,8%, իսկ սեպտեմբերին` 0,1%:

Մեկնաբանել