ԼՂ-ից տեղահանվածները կօգտվեն փախստականի համար նախատեսված իրավունքներից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում։

Նախագծով առաջարկվում է ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել ԼՂ բնակչության ռեգիստրում հաշվառված անձանց, ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը և այն անձանց, որոնք չեն ունեցել ԼՂ-ում հաշվառում, բայց բնակվել են ԼՂ-ում և 2023-ի սեպտեմբերի 19-ին հաշվառվել են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

«Փաստացի, այսօր ԼՂ բնակիչները հնարավորություն չունեն վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր»,- ասաց հարցը զեկուցող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ ժամանակավոր պաշտպանության վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական ու օգտվում են փախստականի համար օրենքով և միջազգային կոնվենցիաներով նախատեսված իրավունքներից։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից հատկացնում է միանվագ 100 հազարական դրամ: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով նաև կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, Արցախից տեղահանվածներին պետական բյուջեից կհատկացվի 50 հազարական դրամ:

Մեկնաբանել