ԲՀԿ-ն Օսկանյանի հարցով խորհրդակցություն կհրավիրի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է կուսակցության հետագա քայլերին` պայմանավորված Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԱԺ որոշմամբ:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Սիրելի գործընկերներ, բազմաթիվ լրագրողների կողմից այսօր ինձ տրված մեր հետագա քայլերի և ԵԽԽՎ պատվիրակության ԲՀԿ ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ հարցի առնչությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ առաջիկայում տեղի կունենա համապատասխան խորհրդակցություն, և հանրությունը կտեղեկանա մեր հետագա քայլերի մասին: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում ԲՀԿ պատգամավորների գործողություններին, պետք է հայտնեմ հետևյալը` խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «երբևէ որևէ քայլ չի արվելու, որը կարող է ազդել մեր երկրի վարկի ու հեղինակության վրա, մեր ներքին խնդիրները պետք է լուծվեն ներսում»: Սակայն տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ ԱԺ պատգամավորներին մեր կողմից բաժանված Օսկանյանի և «Սիվիլիթասի» գործին վերաբերող նյութերը բաժանվելու են նաև ԵԽԽՎ պատգամավորներին` բացառապես իրավական հարթության մեջ հարցը դիտարկելու նպատակով:

Հիշեցնում եմ, որ ԲՀԿ քաղխորհուրդը արդեն որակել է Օսկանյանի դեմ հարուցված գործն ու ԱԺ-ում գլխավոր դատախազի միջնորդությունը որպես բացարձակապես անհիմն»:

Մեկնաբանել