ՀՀ իշխանությունները պետք է կենդանի պահեն արցախցիների վերադարձի հարցը․ Օսկանյան

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները պետք է օրակարգում պահեն արցախցիների վերադարձի հարցը։

«Այսօր արցախցիների վերադարձի հարցը պետք է կենդանի պահել, սա իսկապես իրենց իրավունքն է, մենք ուղղակի չենք կարող դրանից հրաժարվել և դա հենց ՀՀ իշխանությունների պարտավորությունն է: Այսօր, երբ 100 հազարավոր մեր հայրենակիցներ լքել են իրենց տները, իրենց հողն ու ջուրը, հետևում թողել են մեր պատմամշակութային հուշարձանները, Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը լռում են նրանց վերադառնալու հարցի կապակցությամբ, չի բարձրացվում այդ հարցը, հետևանքն այն է, որ այս հարցը մեկընդմիշտ փակվում է, ու թաղվում է»,- Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասաց Օսկանյանը։

Նա նկատում է, որ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Փաշինյանը չխոսեց արցախցիների վերադառնալու իրավունքի մասին․ «նա, իրոք, արցախյան հարցի դագաղի վերջին գամը մեխեց և դրանով փակեց հարցը»։

Վարդան Օսկանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների մեղավորությամբ Արցախի հայաթափումից հետո էլ այժմ օրակարգում են անկլավների, միջանցքի, Հայաստանի տարածքային ամբողջականության խնդիրները։

«Պատկերացրեք, որ Արցախի դեպքում, որտեղ ջուրը շատ ավելի պարզ էր, կար հարցի կարգավորման նախագիծ, կար Մադրիդյան փաստաթուղթ, կար հարցի կարգավորման հստակ ճանապարհային քարտեզ, կար միջազգային հանրության միանաշանակ աջակցությունը այդ հարցի նման կարգավորմանը, կար Մինսկի խումբ, այդ բոլորը փոշիացրեցին, և արդյունքում մենք կորցրինք Արցախը, մենք դատարկեցինք Արցախը։ Հիմա այս նույն՝ քաղաքական-դիվանագիտական անմեղսունակները զբաղվում են արդեն շատ ավելի մեծ խնդիրներով, Հայաստանին վերաբերող խնդիրներով։ Այդ օրակարգում այսօր բազմաթիվ լուրջ խնդիրներ կան։ Հայաստանի խնդիրն է դրված, տարածաշրջանային խնդիրներ, գլոբալ խնդիրներ։ Այս երեք հարթություններում էլ այս մարդիկ են զբաղվում։ Եթե Ղարաբաղյան պարզ հարցում նրանք խճճվեցին և նման արդյունք ունեցան, որևէ մեկը հույս ունի՞, որ այս նույն մարդիկ շատ ավելի բարդ ու մեզ համար շատ ավելի էքզիստենցիալ հարցերում կկարողանան ճիշտ կողմնորոշվել»,- ասաց նա։

Օսկանյանը նաև հարց է բարձրացնում՝ եթե Արցախում հայ չկա, չի օգտագործվում Լաչինի միջանցքը, ինչու է դեռ օրակարգում այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։

«Կարո՞ղ է որևէ մեկը ինձ բացատրի, ինչի է այդ հարցը քննարկվում, ով բերանը բացում է՝ Թուրքիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, բոլորը այդ միջանցքից են խոսում: Եթե չկա Լաչին, չկա Արցախ, Արցախում չկա հայ, նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետքը, նշույլը գոյություն չունի, ինչո՞ւ միջանցքի հարց կա, ինչի՞ դիմաց: Երբ կար նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, երբ կար Արցախ, երբ կար այնտեղ 120 հազար հայություն, ես հասկանում էի այդ հարցի բարձրացնելը Ադրբեջանի կողմից: Ադրբեջանը ասում էր, եթե ես դա եմ տալիս քեզ, ուզում եմ, որ դու էլ հայելային ինձ տաս, բայց երբ այսօր չկա ո΄չ Լաչին, ո΄չ Արցախ, ոչ հայություն, ով կարող է ինձ հոդաբաշխ բացատրել՝ ինչու կա միջանցքի հարց: Սա այս իշխանությունների անմեղսունակության արդյունքն է»,- նշեց նա:

Օսկանյանը պնդում է, որ որոշ ժամանակ հետո խոսելու են Փաշինյանի հետագա սխալների մասին,որոնց հետեւանքով ավելի մեծ կորուստներ են լինելու. «Ո՞րն է ելքը. մի ելք եմ ես տեսնում, կամ ասյ իշխանությունների մոտեցումները,, գաղափարնեևը հիմնովին փոխվում են, որ հույս չունեմ, կամ այս իշխանություններն են հիմնովին փոխվում: Այլ ելք ես ուղղակի չեմ տեսնում»:

Մեկնաբանել