Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Հայաստանում, այդ մասին հոկտեմբերի 27-ին Երևանում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Խնդրեցի թույլ տալ, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,- ասել է Սիյարտոն։
Հունգարիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ հունգարական Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն Երևան-Բուդապեշտ ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև:
***
Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցրել էր 2012-ի թվականին՝ այն բանից հետո, երբ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջան և անմիջապես ներում ստացավ Իլհամ Ալիևի կողմից:
Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպմանը։