Մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք որ դա հեշտ չի լինելու։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա համոզմամբ՝ նման ծրագրով առաջ շարժվելը բխում է ՀՀ պետական շահերից։
«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը թվարկեց երեք սկզբունքները՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կողմերը համաձայնվում են սահմանազատում իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա և բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության, իրավազորության հարգմամբ։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Փաշինյանը նշեց․ «Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետևյալին. Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է 3-րդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձնագիր կրողների համար։ Բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մասնավորապես աշխատել ենք Մարգարայի անցակետում և մենք արդեն պատրաստ ենք նման զարգացումների»։