«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով կստանա 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հիմնելու նպատակով։ Այս մասին հայտնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից։
Հոկտեմբերի 25-ին Բրյուսելում ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը ստորագրել են դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարությունը։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՔՈԱՖ-ի գլոբալ տնօրեն Արա Բարսամը և գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։
Այս համագործակցությունը հնարավորություն կտա Սյունիքի մարզի երեխաներին ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան արտադպրոցական կրթություն, մասնավորապես՝ Կապան և Գորիս համայնքերում կկառուցվի ոչ ֆորմալ կրթության և ուսուցիչների վերապատրաստման երկու գերժամանակակից ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն:
3-18 տարեկան ավելի քան 6,000 երեխա և երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր ուղղվածությամբ կրթական ծրագրերում, այդ թվում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն դասընթացներ:
Դեռևս 2018 թվականին Լոռու մարզում գործարկված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ոչ ֆորմալ կրթության հաջողված նախաձեռնության վառ օրինակ է, որը նպաստել է Հայաստանի գյուղական համայնքներում կրթության բարելավմանն ու զարգացմանը։ Գործունեության 5 տարիների ընթացքում Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնը սպասարկել է ավելի քան 4,000 ուսանողի 28 բնակավայրից։
Սյունիքում երկու ՍՄԱՐԹ կենտրոնների ստեղծումը սերտորեն կապված է «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնության հետ՝ որպես Եվրոպական միության Արևելյան գործընկերության Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի բաղադրիչ։ Այն նաև հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության անբաժանելի մասը, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական դիմակայության բարձրացմանը․ այս տարածաշրջանն ամենաշատն է տուժել 2020-ի ռազմական գործողություններից և 2023թ. արցախահայերի զանգվածային տեղահանությունից։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ ավելի քան 82 համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար: