Ոստիկանությունը ԼՂ-ից տեղահանվածներին հորդորում է կամավոր հանձնել զենք-զինամթերքը

Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հորդորում է կամավոր հանձնել իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը։

«Հիշեցնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով զենք կրող, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների շրջանառության կանոնները խախտած անձինք նշված առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնելու դեպքում ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասված է հայտարարությունում։

Հոկտեմբերի 25-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր՝ տեղեկություններ կան, որ Արցախից զենք-զինամթերք է տեղափոխվել Հայաստան։

«Ունենք դեպքեր, որ մարդիկ բերում, կամավոր հանձնում են։ 3 օրվա ընթացքում 3 միավոր ատրճանակ ու 2 միավոր հարթափոխ զենքեր են հանձնվել ԼՂ բնակիչների կողմից»,- ասաց Ղազարյանը։

Նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղում նախկինում ձեռք բերած օրինական զենքերի մասին տեղեկություններ չկան։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Մեկնաբանել