Հայ-իրանական սահմանին նոր անցակետ կկառուցվի, նշում է ՊԵԿ նախագահը

Մեղրիի անցակետի գործող շենք շինություններն ամբողջությամբ քանդվելու են, զրոյից կառուցվելու է նոր անցակետ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Մեզ համար ամոթալի է, որ մինչև հիմա մեր երկրի հարավային դարպասի շենք-շինություններն այդ վիճակում են գտնվում։ Մենք դա շատ վաղուց պետք է արած և ավարտած լինեինք»,- ասաց նա։

Բադասյանի խոսքով՝ նոր անցակետը համապատասխանելու է միջազգային լավագույն ստանդարտներին։ Կառուցվող մաքսակետում ներառվելու են նաև բարեփոխումները՝ ուղիների տարանջատում, ավելի արագ ու հարմարավետ կետի անցում, արդյունավետ մաքսային հսկողություն և այլն։

***

Հոկտեմբերի 23-ին Երևանում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հայտարարել էր, որ Հայաստանն ու Իրանը քննարկել են հայ-իրանական սահմանին նոր կամուրջ կառուցելու հեռանկարը։ Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի միջև գործող կամուրջն արդեն բավարար չէ ապահովելու աճող ապրանքաշրջանառության ծավալները։ Իրանցի նախարարը նշել է, որ հայկական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ առթիվ աշխատանքային խումբ ձևավորելու համար։

Նույն օրը Հայաստանն իրանական ընկերությունների հետ ստորագրել էր «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը։ Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (Իրանի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։ Նախատեսվում է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։

Մեկնաբանել