Երասխի գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում. Քերոբյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։

Հարցին, թե արդյոք այսպիսով տուրք չի տրվում ադրբեջանական կողմի պահանջին՝ Քերոբյանը պատասխանել է, որ գործարանի կառուցման համար ներդրումներ են իրականացնում մասնավոր ընկերությունները, որոնք էլ որոշում են իրենց անելիքը․ «Հաշվի առնելով աշխարհագրական և տարածաշրջանային միջավայրը՝ փորձում ենք իրենց մաքսիմալ օգտակար լինել»,- ասաց Քերոբյանը։

***

Երասխում գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել էին մոտ 6 ամիս առաջ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այդ հայտարարությունից մի քանի օր անց՝ հունիսի 14-ին, Ադրբեջանը կրակել էր կառուցվող գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել էր գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի երկու քաղաքացի:

Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։

Մեկնաբանել