Միլենա Ավետիսյան, «Հետք Մեդիա Գործարան»-ի ուսանող
Արցախից բռնի տեղահանված ընտանիքի պատմությունը՝ լուսանկարներով
Անուշի ընտանիքը Մարտունու շրջանի Ճարտար գյուղից է։ Տեղահանվելուց հետո եկել են Արարատի մարզի Նոր Կյանք գյուղ։ Բայց հարց է՝ նրանց նոր կյանքը կսկսվի՞ Նոր կյանքում․․․ Անուշի ամուսինը Ճարտարի զորամասում տարբեր աշխատանքներ է արել, դաշտերում է աշխատել, իսկ ինքը՝ զորամասի ճաշարանում խոհարար է եղել։ «Ո՞վ կմտածեր, որ պիտի մեր տուն ու տեղը թողնենք, գանք էստեղ։ Մենք սե՞նց տներից էինք դուրս եկել, սե՞նց տներ թողեցինք»,- ասում է Անուշը։
«Սեպտեմբերի 19-ին փոքր խոխաս՝ Տաթևը, զարթնեց ու թե՝ մամա, երազ եմ տեսել, էսօր խոխեքին չուղարկես դպրոց, ադրբեջանցիները ռումբեր են գցելու մեզ վրա»։
Ասում է՝ սեպտեմբերի 19-ին ժամը մեկին մոտ կրակոցների ձայներ սկսեցին լսել․ «Մեծ աղջիկս ու տղաս դպրոցում էին։ Ֆայմել են, մտել դպրոցի նկուղ։ Ես էլ Սեդային ու Տաթևին վերցրի, ամուսնուս հետ մտանք մանկապարտեզի նկուղ։ Հետո բարձրացանք տուն, արագի մեջ սկսեցինք ուտելիք սարքել, որ հետներս վերցնենք։ Ինչ կարողացանք, մեքենայի գլխին դրած բերեցինք։ Մեր ժամացույցն էլ ենք բերել, պատից կախել ենք արդեն, հեռուստացույցը դեռ չենք միացրել, բայց դրել ենք»։
Երկու օր ճանապարհ են եկել։ «Առաջին օրը մեր հավերը սարքեցինք, ճամփին կերանք, հետո՝ տեգրոջս հավերը։ Հետո մյուս տեգրոջս հավերի հերթը հասավ, բայց փչացել էին»,- ծիծաղելով պատմում է Անուշը։ Նրա ամուսինը աշխատանք է գտել շինարարությունում։
Հոկտեմբերի 18-ին Արմանը փոքր քրոջ՝ Տաթևի ծննդյան օրը վարդեր է նվիրել։
Արմանի նվիրած ծաղկեփունջը փոքր Տաթևի ծննդյան առթիվ։
Տանն ամենալուռը Անուշի միջնեկ աղջիկն է`Սեդան, ու Սեդա բաբոն։
«Երևի անունով են զգում իրար»,- ասում է Անուշը։
Ձախից աջ` Անգելը, Սեդան, Արմանը։
Սեդան՝ իրենց ժամանակավոր տան խոհանոցում։ Նկարում է։
Ընտանիքի մեծ մայրը՝ տիկին Սեդան, երկու օրվա բռնագաղթի ծանր ճանապարհից հետո լսողության խնդիրներ ունի։
86-ամյա կինը ութ երեխաներից երեքին ու ամուսնուն կորցրել է։ Առաջին երեխան մահացել է երկու տարեկանում։ Մյուս որդին` 90-ականներին է զոհվել։ Երրորդ որդին 44-օրյա պատերազմից հետո ինսուլտ է ստացել ու մահացել, նույն տարում մահացել է նաև Սեդայի ամուսինը։
Հիմա արդեն կորցրել է տունը․․․ և լսողությունը։
Տիկին Սեդան լաց է լինում երեխաների մասին խոսելիս։
«Չէ, ոչ մի տեղ չենք գնալու, չեմ ուզում գնանք»,- ասում է Արմանը։
Արմանը չի ուզում դուրս գալ, հարմարվել է, արդեն ընկերներ ունի, որոնց հետ ֆուտբոլ է խաղում ու անգամ մոռանում, որ ձեռքը կոտրել է հենց գնդակի պատճառով, երբ եկել են։ Միևնույն է, շարունակում է խաղալ, իսկ Անուշը ստիպված է լքել նաև այս տունը ու իր միակ հարևանին, որի հետ սկսել էր հիշել Արցախում ապրած ժամանակվա առօրյան` սուրճի սեղանի շուրջ։
Արմանն ու Նոր Կյանք գյուղի նրա նոր ընկերը։
Անգելն ու Տաթևը իրենց կարմիր սենյակում։
Անուշն ու հարևանուհի Ռուզանը սուրճ են խմում։
Լուսանկարները՝ Միլենա Ավետիսյանի