Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզի» համաձայնագիրը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։ Այսպիսի գրառում է արել Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը։

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու խնդիրը 2022-ին լայն արձագանք է ստացել սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում և մեծապես լուսաբանվել է մամուլում այն բանից հետո, երբ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով «Կովերի պարտեզ» տարածքի վարձակալության առնչությամբ։ Նրանք պահանջել էին պատրիարքից չեղյալ հայտարարել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը։

Այս տարեսկզբին Երուսաղեմի Հայոց Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ՝ Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ նշանակվեց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Պարետ վարդապետ Երիցյանին, որի անունը կապվում է «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու աղմկահարույց հարցի հետ։ Վերջինս կարգալույծ հռչակվեց և հայտարարեց, որ համաձայն չէ որոշման հետ՝ շեշտելով, որ բոլոր գործողություններն իրականացրել է պատրիարքի իմացությամբ և հավանությամբ։

Երուսաղեմի հայկական համայնքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել գործարքի դեմ՝ պահանջելով չեղարկել այն։

Մեկնաբանել