Նուբար Աֆեյանը CNN-ի Քրիստիան Ամանփուրի հետ խոսել է Արցախի և Ռուբեն Վարդանյանի մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել CNN-ի մեկնաբան Քրիստիան Ամանփուրին՝ խոսելով Արցախի ու արցախահայության հետ տեղի ունեցածի, Արդրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին:

«Օսմանյան թուրքերի կողմից իմ պապի և նրա ընտանիքի հետապնդումներից մեկ դար անց ես հայտնվեցի աշխարհով մեկ այլ ճնշումներից ու ցեղասպանություններից փրկվողներին օգնելու կարգավիճակում: Միևնույն ժամանակ, այսպիսի գործունեությամբ ես սփոփվում էի, որ նման իրադարձություններ այլևս տեղի չեն ունենա հայերի հետ: Բայց երեք տարի առաջ դա նորից սկսեց տեղի ունենալ, ի դեպ, համավարակի շղարշի ներքո: Դուք, ես, մենք տեսնում ենք, որ աշխարհը հետևում է և ոչինչ չի անում, և նման պայմաններում դժվար է հասնել ոչ միայն արդարության, այլև խաղաղության»,-ասել է Աֆեյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը, Նուբար Աֆեյանը նշել է․ «Փաստացի, Ռուբենն ամբողջ աշխարհի հայերի խորհրդանիշն է: Ռուբենը, որպես հաջողակ գործարար և բարերար, Հայաստանի ամենահայտնի քաղաքացին է աշխարհում և նրան ձերբակալելը, դրանից շոու սարքելն ու մեղադրանքներ առաջադրելը հոգեբանական ճնշում է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ, որոնք արդեն մեկ անգամ անցել են դրա միջով: Սա երկրորդ դեպքն է, երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք բնիկ են և ստիպված են եղել լքել իրենց հողը: Դա դասական էթնիկ զտում է, և դա ես չեմ ասում, դա միջազգային փորձագետների մեծ մասի գնահատականն է, որոնք խոսել են անցած ամիսներին և ասել, որ այս ամբողջը, ինչ տեղի ունեցավ՝ նախ շրջափակումը, հիմա էլ տեղի ունեցածը, էթնիկ զտում է: Ու այդ ամենի վերջում էլ Ռուբենը և ևս յոթ այլ ղեկավարներ ձերբակալվում են, նրանց սպառնում են շոկային դատավարություններ: Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունն անտարբեր չի մնա, որովհետև այս ամենը խրախուսում է ավելի ու ավելի շատ անարդարություն և անպատժելիություն»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Մեկնաբանել