Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություններ կբացի Սեուլում և Լյուքսեմբուգում

Հայաստանը նախատեսում է մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ բացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ տեղեկացրել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում և փոխադարձաբար դեսպանության բացումը երկու մայրաքաղաքներում կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի»,-մանրամասնել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի նաև Լյուքսեմբուրգում, որի հետ, նախարարի բնորոշմամբ, վաղուց ի վեր հրաշալի հարաբերություններ են ձևավորվել։

Մեկնաբանել