«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ֆեյսբուքյան «մահ դավաճանին» գրառման համար։
«Քիչ առաջ ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի «բռնության կոչ»՝ 330 հոդվածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել ս․թ․ սեպտեմբերի 19-ի ներքո բերված գրառումը։ Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում եմ՝ այն ավելի քան մեղմ է։ Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ»,- ուրբաթ Ֆեյսբուքի իր էջում գրել է Իշխանյանը և տեղադրել ավելի վաղ իր արած խնդրո առարկա գրառումը․
Ավելի ուշ Իշխանյանը հայտարարություն է տեղադրել իր էջում և նշել․ «[․․․] քանի որ հարցն ինձ է վերաբերում, պահանջում եմ նաև բոլոր լրատվամիջոցներից այս հարցի կապակցությամբ հարցեր չուղղեք և կարծիք չհարցնեք իրենց քաղհասարակություն և իրավապաշտպան կոչող զանազան արարածներից։ Բոլոր նրանք, ովքեր հատկապես 2020 թ․ խայտառակ պարտությունից հետո ոչ միայն չպահանջեցին դավաճանի հրաժարականը, այլև շարունակեցին նրա հետ համագործակցել և նրան պաշտպանել, ինձ համար նրանք բոլորը նույն դավաճաններն են։ Նրանց կարծիքն ինձ համար ոչ միայն գրոշի արժեք չունի, այլև վիրավորական է»։
Ֆեյսբուքյան գրառման համար Իշխանյանին մեղադրանք առաջադրելու լուրին շատերն են արձագանքել։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ «Քրեական օրենսգրքի այդ հոդվածը (330-րդ) Հայաստանում կիրառություն ստացող արատավոր պրակտիկայի հետ միասին բացահայտ հակասահմանադրական է և էլի դառնում է պաշտոնյաների պահապան հոդված»:
«[…] գործ ունենք փաստացի քրեական հետապնդման հետ, երբ իրավապահ մարմնին հայտնի է անձը, ում նկատմամբ ցանկանում է իրականացնել հետապնդում, բայց նրան իրավական կարգավիճակ և իրավունքներից լիարժեք ծավալով օգտվելու հնարավորություն չտալու համար նախաձեռնվում է «անմեղ» քրեական վարույթ, իսկ իրականում տարվում է փաստացի հետապնդում` առանց իրավունքների»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թաթոյանը։
Հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը գրել է․
«Իշխանյան Ավետիքին մեղադրանք է առաջադրվել ֆբ-ում գրված խոսքի համար:
Էս նախադասության մեջ շեշտը որ բառի վրա էլ դնես ճիշտ տեղում կլինի շեշտը:
Բայց կարևորն այն է, որ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ասված խոսքի համար է առաջադրվել անտերը: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ:
Ահա շեշտի ճիշտ տեղը»:
Գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը գրել է․ «Նիկոլը Avetik Ishkhanyan-ի վրա գործ ա սարքել։ Զարմացողներ կա՞ն։ Պետք ա որ՝ չլինեն։ Ամո՛ւր մնա, սիրելի Ավետիք»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ հիշեցնում է, որ ժամանակին Իշխանյանի հոդվածները տեղ էին գտնում Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում։
«Ժամանակին, դե էն ժամանակները էլի, Ավետիք Իշխանյանի խոսքը գրեթե ամեն օր տեղ էր գտնում Նիկոլենց «Հայկական ժամանակում»։ Այսօր, սակայն, Նիկոլենք հետապնդում են Ավետիք Իշխանյանին` խոսքի համար։ Ընդ որում, Ավետիք Իշխանյանն ասում է նույն բանը, տալիս է նույն գնահատականները, քննադատում է նույն արատներն ու ինչպես միշտ` իրերը կոչում է իրենց իրական անուններով։
Avetik Ishkhanyan ը Նիկոլենց համար հայելի է, նրանք այդ հայելում տեսնում են իրենց աննախադեպ անճոռնիացած դեմքը։ Ու Իշխանյանին նրանք հետապնդում են հենց այդ պատճառով»։