Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ

Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 2024-ին իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16,4 տոկոսով:

«Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանն ու աշխատունակության պահպանմանը, նաև որոշակի առումով անվտանգային կարևոր լուծում է»,- ասել է նախարարը։

Ավանեսյանը նշում է, որ ջրծաղիկը բարձր վարակելիություն ունի. «Եթե մանկապարտեզում մեկ խմբում ջրծաղիկի դեպք է գրանցվում, ապա այդ հաստատությունում գրեթե բոլորը վարակվում են, լինում են նաև ծանր դեպքեր»:

Մեկնաբանել