«Սիմփսոնները» բազմոցային լավագույն կատակի մրցույթ են հայտարարել

«Սիմփսոնները» սերիալի հեղինակները բազմոցային լավագույն կատակի մրցույթ են հայտարարել: Այս մասին տեղեկությունը հայտնվել է մուլտֆիլմի կայքում:

Սերիալի յուրաքանչյուր սերիայի սկզբում ցուցադրվում է, թե ինչպես են գլխավոր հերոսները տուն հասնում: Բարթը, Լիզան, Մարջը, Գոմերն ու Մեգին հավաքվում են հեռուստացույցի առջև դրված բազմոցին, որից հետո տեղի է ունենում որևէ անսպասելի իրադարձություն. հենց սա էլ կոչվում է բազմոցային կատակ:

Մրցույթի նախաձեռնողները գրում են, որ սերիալի 20-ամյա պատմության ընթացքում հարյուրավոր նման կատակներ են հորինել: Ընդ որում՝ հայտնի է, որ բազմոցային որոշ դրվագներ մի քանի անգամ են կրկնվել:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 15-ը սերիալի հեղինակներին ուղարկել առավելագույնը հարյուր բառ պարունակող կատակի նկարագրություն: Լավագույն գաղափարը կէկրանավորվի: Ենթադրվում է, որ համապատասխան հատվածը կընդգրկվի 2013թ. մայիսին հեռարձակվելիք սերիայում:

«Սիմփսոնների» պիլոտային դրվագը ցուցադրվել է 1989թ. դեկտեմբերին Fox հեռուստաալիքով (հատկանշական է, որ դրանում բազմոցային կատակ չկար): 2012թ. սեպտեմբերի 30-ին մեկնարկել է սերիալի 24-րդ սեզոնը: