Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ազատ արձակվեց կալանքից։ Այդ մասին հայտնում է Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ Լևոն Քոչարյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատ էր ստացել, որից հետո իրավունքի ուժով նա ազատ է արձակվել։
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի և դրան հետևած իրադարձություններին զուգահեռ Երևանում հակակառավարական ցույցեր էին իրականացվում։ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ սեպտեմբերի 22-ին խաղաղ ցույցի ժամանակ նա չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու օրինական պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
***
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը հոկտեմբերի 23-ին հայտարարել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով հերթական հաջորդ համարները՝ պատգամավորի թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը հրաժարվել էին վերցնել պատգամավորական մանդատը։ Ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն էր։