Խաղաղապահների զինտեխնիկան ուղարկվել է ՌԴ՝ «վերանորոգման նպատակով»

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ռազմական տեխնիկան ուղարկվել է Ռուսաստան՝ «պլանային վերանորոգման նպատակով»։ Այդ մասին ասված է խաղաղապահների նոյեմբերի 6-ի տեղեկագրում։

«Ավարտվել է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստանի Դաշնություն ՝ պլանային վերանորոգման համար»,- ասված է տեղեկագրում։

Նշվում է, որ վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակում փակվել է Շուշիի շրջանում գտնվող 1 դիտակետ: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է 10 մշտական և 16 ժամանակավոր դիտակետ:

Խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտին արդեն անվանում են «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»․ «Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը»,- նշված է տեղեկագրի մեջ։

***

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնան մինչև 2025 թվականը, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։

Մեկնաբանել