Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Վրաստանի հարավում գտնվող Քվեմո-Քարթլի շրջանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երկու անդամների վրա կրակել են մի քանի օրվա ընթացքում, որոնք, ըստ կուսակցության, հարձակում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամների կողմից:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստ Հումբատ Ջալիլովին շաբաթ օրը Մառնեուլի քաղաքում կրակել և վիրավորել են։ Դրանից մեկ շաբաթ առաջ Դմանիսիի նախկին քաղաքապետն էր հայտնել, որ կրակել են իր մեքենայի վրա: Ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի հետ զրույցում Ջալիլովի զարմիկը հայտնել է, որ իր ոտքին կրակել են ճանապարհի եզրին միրգ վաճառելիս:
«Ասիմ Գուլիևը մոտեցել է նրան և ատրճանակով կրակել,- ասել է Ջալիլովի զարմիկ Իլգար Ալիևը։- Երբ նա փորձել է երկրորդ փամփուշտը լիցքավորել, մոտակայքում գտնվող [մարդիկ] խանգարել են նրան»։
Ըստ Ալիևի՝ Գուլիևը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ակտիվիստ է, որի հետ Ջալիլովը կոնֆլիկտ է ունեցել 2020-ի խորհրդարանական ընտրություններին։ Ալիևը հայտարարել է, որ շաբաթ օրվա բախումը «դրա շարունակությունն է»։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության Մառնեուլիի գրասենյակի նախագահ Ազադ Քարիմովը շաբաթ հայտարարել է, որ Ջալիլովը 2020-ին բացահայտել է «Վրացական երազանք»-ի ակտիվիստի կատարած «ընտրակեղծիքը»։ «[Սա] նրանց միջև կոնֆլիկտի է հանգեցրել, որը շարունակվում է մինչ օրս»,- ասել է Քարիմովը։ Վերջինս, սակայն, ենթադրել է, որ միջադեպն ավելի լայնորեն է առնչվում իշխող կուսակցության հետ:
«Վրացական երազանքը» փորձում է ահաբեկել «Միացյալ ազգային շարժման» կողմնակիցներին, թեև նման ահաբեկումներով նրանք ոչնչի չեն հասնի,- ասել է Քարիմովը։- Պահանջում ենք մեղավորին ամենայն խստությամբ պատժել»։
Հաղորդվում է, որ միջադեպը հետաքննվում է դիտավորյալ թեթև վնասվածք հասցնելու, հրազենի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու հոդվածներով:
Թիրախավորված հարձակումներ
Նույն շաբաթ ավելի վաղ Դմանիսիի նախկին քաղաքապետ (2017-2020), «Վրացական երազանք»-ի նախկին շրջանային ղեկավար Գիորգի Տատուաշվիլին պնդել էր, որ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող անձինք կրակել են իր մեքենայի վրա, երբ ինքը վարելիս է եղել այն։ Տատուաշվիլին 2020-ին «Վրացական երազանքից» հեռացվելուց հետո անդամակցել է «Միացյալ ազգային շարժմանը»։
Տատուաշվիլին, որը միջադեպից չի տուժել, ենթադրում է, որ հարձակումը կապված է իշխող կուսակցությունից հեռանալուց ի վեր իր քաղաքական գործունեության հետ։
Հաղորդվում է, որ Զուրա Օքմելաշվիլին և Կոբա Մենաբդիշվիլին՝ անձինք, որոնց Տատուաշվիլին անվանել է հարձակման պատասխանատու, կապ ունեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ: Մենաբդիշվիլին RMG Gold մասնավոր հանքարդյունաբերական ընկերության նախկին ղեկավարն է, և ինչպես պնդում է «Ֆորմուլա» հեռուստաալիքը, վայելում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի «պաշտպանությունը»:
Նոյեմբերի 1-ին «Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին ասել արել, որ Տատուաշվիլիի վրա հարձակումը կապված է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների հետ: Նա պնդել էր, որ Տատուաշվիլիի վրա հարձակվողները (նկատի ունենալով «Վրացական երազանքին») իրենց գործողություններում փոխանցել են «ռուսական կողմի գլխավոր ուղերձը»՝ «պատժել բոլոր նրանց, ովքեր այլ կերպ են մտածում և չեն հարմարվում դավաճանական ռուսամետ քաղաքականությանը»։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ՝ այլոց գույքը վնասելու և հրազեն ապօրինի ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։ «Վրացական երազանքի» որևէ ներկայացուցիչ դեպքի առնչությամբ մեկնաբանություն կամ հայտարարություն չի արել։