Արցախի նախագահը նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով ուսումնասիրել Արցախի պաշտոնյաների կողմից հանցագործություններ կատարելու մասին համացանցի հրապարակումները։

«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունում։

Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ Արցախի պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաներն անօրինական ճանապարհով իբր յուրացվել են տեղահանումից օրեր և ժամեր առաջ։ Հրապարակումներում անդրադարձ կա նաև Արցախի պետական բյուջեից փողերի անհետացմանը։

Մեկնաբանել