Նոյեմբերի 8-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այդ մասին հայտնում են Հայաստանի ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր․ «Վերոնշյալի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները»։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև հայ-ամերիկյան հարաբերություններին։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպումների շարք էին անցկացրել մայիսի սկզբին։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նշել էին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։
Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հերթական փուլը հետաձգվել էր ադրբեջանական կողմի խնդրանքով։ Մինչ օրս այդ հանդիպումը չի կայացել։