Խաղաղության պայմանագրի մի շարք հարցերում տարաձայնություններ կան, նշում է ԱԳ փոխնախարարը

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշեց Կոստանյանը` հավելելով, որ սրանք այն հարցերն են, որոնց շուրջ երկու կողմերը պետք է մոտեցնեն դիրքորոշումները։

Փոխնախարարը նաև հայտարարել է, որ այս պահին Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։

«Այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, բայց միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Սպասում ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա․ հանդիպման մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին կդժվարանամ ասել»,- նշել է նա։

Մեկնաբանել