Երևանի Կենտրոն, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջաններում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այդ մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ներկայացնելով նոյեմբերի 2-8-ն իրականացված ուսումնասիրության արդյունքները։
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ նոյեմբերի 8-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 5-ին և 7-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակություննները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- նշված է հաղորդագրությունում։
Կենտրոնը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 5-ն էլ մթնոլորտային օդում փոշու պարունակության դիտարկում է իրականացրել Գյումրի, Արարատ, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում։
«Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գյումրիում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին, Վանաձորում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 4-ին և Ալավերդիում՝ նոյեմբերի 1-ին։ Արարատում փոշու պարունակությունը չի գերազանցել կոնցենտրացիան»,- տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։