Հայաստանի տնտեսությունը երեք տարում կրկնապատկվել է

Հայաստանում 2023-ին համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճ է սպասվում, ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ։

Նրա խոսքով` 2023-ի վերջին ակնկալվում է, որ երկրի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 8 200 դոլար, որը 2020-ի ցուցանիշի գրեթե կրկնակին է։ Այս գնահատականը համընկնում է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման հետ, ըստ որի՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն տարեվերջին կկազմի 8 280 դոլար։

Այսպիսով, մինչև 2023-ի վերջը Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կմոտենա Արևելյան Եվրոպայի որոշ երկրների բարեկեցությանը և նույնիսկ կգերազանցի Ալբանիայում ակնկալվող մակարդակը։

Էկոնոմիկայի նախարարը նաև ընդգծել է, որ ՀՆԱ-ի աճը ներառական է և ուղեկցվում է աղքատության մակարդակի նվազմամբ, որը կազմել է 24,8%, ինչը ցածր է կանխատեսվող 39,6%-ից։

Տնտեսական աճն այս տարի կանխատեսվում է 9 տոկոս, իսկ դրանից հետո ակնկալվում է աճի տեմպի թուլացում: Կառավարությունը նախատեսում է 2024-ին հասնել առնվազն 7 տոկոս աճի։

2022-ի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է գրեթե 8,5 տրլն դրամ։

Հարցազրույցն անգլերենով՝ ստորև․

Մեկնաբանել