APM Terminals Poti ընկերությունից հաստատել են հարձակողական բնույթի «Բաստիոն» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար, հաղորդում է «Ազատության» վրացական ծառայությունը։
Ընկերությունից, մասնավորապես, նշել են՝ սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն։
Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանով։ Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» զրահատեխնիկայի առաքումը:
Պաշտոնական Երևանը դեռ չի հստակեցնում՝ ստացել են արդյոք ֆրանսիական զենքը։
Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։