ՔՊ-ականները դժգոհ են կենսաչափական անձնագրերի տրամադրման գործընթացից

Կառավարությանը խորհրդարանին առաջարկում է կրկին երկարաձգել հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի ամբողջական արդիականացումն ու ներդրումը։ Այս նախագիծը խորհրդարանականներին ներկայացրեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա զեկույցից հետո դժգոհություն ունեին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, այդ թվում՝ խորհրդարանի նախագահը։ Նրանք մասնավորապես շեշտում էին, որ նախորդ տարի ոստիկանությունից խոստացել էին, թե համակարգը վերջնական ներդրված կլինի 2024-ից, մինչդեռ կրկին հետաձգվում է։

Կարճ մեկնաբանությամբ հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Սա շատ մեծ խնդիր է։ Էլ չեմ ասում օդանավակայաններում, որ մոտենում ես, ամեն երկրում անձնագիրդ վերցնում են, գնում են, բացում են, մի հատ նայում են, հասկանում են։ Ամաչում էլ ես ասել, որ պետական պաշտոնյա ես, դիվանագիտական անձնագրերը նույն իրավիճակում։ 2024-ն է գալիս, իսկ մենք դեռ նման խնդիր ունենք»,- հայտարարեց Սիմոնյանը։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ ուղիղ մեկ տարի առաջ կրկին նույն դահլիճում քննարկվում էր նույն հարցը և ոստիկանության ներկայացուցիչներն իրենց խոստանում էին, որ այս խոսակցությունն այլևս տեղի չի ունենա․ «Ո՞նց անենք, որ այս խոսակցությունը վերջինը լինի»,- հարցրեց Թորոսյանը։

Արմեն Ղազարյանը նշեց, որ իրենց նախատեսած փոփոխության կյանքի կոչման պարագայում այս խոսակցությունը կլինի վերջինը։ Թորոսյանը շարունակեց, որ ոստիկանությունն իր խոստացածն այդպես էլ չիրականացրեց վերջին մեկ տարվա ընթացքում։

Նույնաբնույթ հարց տվեց նաև իշխանական մեկ այլ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, իսկ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ տեխնիկական մանրամասները քաղաքացիներին առանձնապես չեն հետաքրքրում։

«Մեր քաղաքացիներին քիչ է հետաքրքրում այդ արդիականը երբ կլինի, նա այսօր է ուզում։ Այսօր ունենալու համար մենք կարող ենք նաև խնդիրը երկու մասի բաժանել, մի մասով վեցամսյա ընթացքում մի աստիճան բարձր արդիականացնենք հինը, բայց ապագայի համար գնանք այն ճանապարհով, որը նախանշված է կառավարության որոշումներով»,- ասաց Քոչարյանը։

Ղազարյանը արձագանքեց, որ այդ առաջարկը նոր է, հարկավոր է աշխատանքային մակարդակում քննարկել ու գալ որոշակի եզրակացության։

Վահագն Ալեքսանյանն իր ելույթում՝ անդրադառնալով մասնավոր ընկերությանը անձնագրերի թողարկման աշխատանքը պատվիրակելու հարցին, ասաց, որ պետք է պարզել, թե որ ընկերության մասին է խոսքը, քանի որ խոսքն ազգային անվտանգության մասին է։ Այդուհանդերձ, պատգամավորը նշեց, որ ստիպված են կողմ քվեարկել նախագծին։

Արմեն Ղազարյանը խորհրդարանին հիշեցրեց, որ 2017-ի հունվարին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, ինչպես նաև պայամանագիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ:

Ըստ կառավարության նախագծի՝ այդ աշխատանքներին զուգահեռ, պարբերաբար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ՝ հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգելու նպատակով:

Հետագայում, նկատի ունենալով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը, այն է՝ ամբողջությամբ անցում կատարելը կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել համակարգային բարեփոխումների:

Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ՝ տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ, որոնք արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները՝ ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ:

2022-ի դեկտեմբերի քննարկվել է նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման անվտանգության պահանջները և մրցույթի շրջանակը, որով նախատեսվել է ավարտին հասցնել ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցութային փաթեթը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցույթի կայանալու ու աշխատանքները կատարելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ, ՆԳՆ առաջարկում է հին նմուշի անձնագրի տրամադրման ժամկետներ չսահմանել՝ մինչև համակարգը ամբողջացվի:

Մեկնաբանել