Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 14-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստերին։
«2020 թվականից հետո, երբ ասում էին ԼՂ-ն ՀՀ-ի սուվերեն տարածքի մաս չի, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Այդ պահից սկսած մինչև նախորդ տարվա սեպտեմբերը, երբ Ադրբեջանը կրկին հարձակվել է Հայաստանի վրա և մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել, մենք չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Այդ պահից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին և մինչ այժմ չունենք այդ հարցերի պատասխանը։ Եվ սա է պատճառը, որ մենք չենք մասնակցում»,- ասել է Գրիգորյանը։
Հարցին՝ չմասնակցելով Հայաստանը ստանո՞ւմ է այդ հարցերի պատասխանները, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «գնալով միանշանակ չենք ստանում»։
Արմեն Գրիգորյանը կարծում է, որ ՀԱՊԿ նիստերին չմասնակցելը դեմարշ չէ։ Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և կառույցից դուրս գալու հարց օրակարգում չկա։
https://www.civilnet.am/news/756827/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d6%81%d5%ab-%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-23-%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%bd%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%ab%d6%84-%d5%b0%d5%a1%d5%ba%d5%af-%d5%b6%d5%ab%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b6/