Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցում առաջխաղացման հնարավորությունը` նշելով, որ «գործընթացը շարժվել է տեղից»:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Առաջին ալիքին տված հարցազրույցում հիշեցրել է, որ վիզաների ազատականացումը նոր օրակարգ չէ:
«Սա նոր օրակարգ չէ, մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն կա այս օրակարգով առաջ շարժվել»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
Հայաստանի հետ վիզաների ազատականացման հնարավորության շուրջ քննարկումների ակտիվացման մասին նոյմեբերի 13-ին ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով ազդարարեց այդ կառույցի արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Չնայած պաշտոնյան չհստակեցրեց, թե երբ կարող են սկսվել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, որոնց նախապատրաստական փուլում տևական ժամանակ է՝ գտնվում են Հայաստանն ու ԵՄ-ն, բայց հայկական կողմը կարծում է, որ կարևոր քայլն արված է՝ Եվրամիության անդամ երկրների մոտ կա կոնսենսուս:
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդունում է` վիզաների ազատականացման հարցը Հայաստան–Եվրամիություն օրակարգի ամենաբարդ խնդիրներից է, միևնույն ժամանակ, հավելում՝ «գործընթացն այսպիսով տեղից շարժվել է»։
«Կարևոր է, որ չի եղել որևէ երկիր, որն առարկել է, որովհետև այդ կոնսենսուսն ապահովելը բարդ է։ Սա շատ դրական զարգացում է։ Կշարունակենք ակտիվ աշխատել Եվրամիության և անդամ երկրների հետ, որպեսզի այս գործընթացը հնարավորինս արագացնենք»,- ասել է ԱԳ փոխնախարարը նոյմեբերի 14-ին լրագորղների հետ զրույցում:
Թեպետ 2014 թվականից Եվրամիության և Հայաստանի միջև գործում է վիզաների դյուրացման մասին համաձայնագիր, վերջին տարիներին հայաստանցիների համար Շենգեն գոտի մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը կտրուկ բարդացել է: Համաձայնագիրը նախատեսում է «ավելի քիչ փաստաթղթեր, 35 եվրո վճար և տասը աշխատանքային օր վիզա ստանալու համար»:
Շուրջ տասը տարի անց հայաստանցիներն առավել հաճախ բողոքում են վիզաների ստացման հետ կապած խնդիրներից: Նրանցից պահանջում են փաստաթղթերի մեծ փաթեթ, 35 եվրոն մի քանի անգամ գերազանցող վճար (վիզա-կենտրոնների և միջնորդների ծառայությունների համար), իսկ վիզայի տրամադրման գործընթացը կարող է տևել մեկ ամիս և ավել:
Ամեն դեպքում, Հայաստանի համար վիզաների ազատականացման հարցում հստակություն կմտնի, երբ ԵՄ նախարարների խորհրդի քննարկումներին համահունչ որոշումներ կայացնի Եվրոպական խորհուրդը:
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի կանխատեսումն այս հարցում «լավատեսական է»:
«Ես գիտեմ (ԵՄ) 27 պետությունների ճնշող մեծամասնության դիրքորոշումը, նաև գիտեմ մեկ-երկու տատանվող պետությունների հետ քննարկումների արդյունքները: Եվրոպական խորհուրդը, եթե նման որոշում կայացնի, ապա դա լինելու է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսելու որոշում: Որպես կանոն՝ երբ այն սկսում են, հասնում է իր վերջնարդյունքին», – ասել է Արման Եղոյանը նոյմեբերի 14-ին լրագրողների հետ զրույցում:
Արշալույս Մղդեսյան