Օբամա-Ռոմնի․ այսօր տեղի կունենա առաջին հեռուստաբանավեճը

Այսօր ԱՄՆ-ում տեղի կունենա նախընտրական նախագահական առաջին հեռուստաբանավեճը։ Կոլորադոյում՝ Դենվերի համալսարանում, մեկուկես ժամվա ընթացքում Բարաք Օբաման ու Միթ Ռոմնին կքննարկեն ներքին քաղաքականության առավել սուր թեմաները, առաջին հերթին՝ տնտեսական խնդիրները, հաղորդում է Euronews-ը։

Վերլուծաբանները կարծում են, որ բանավեճը կդառնա հանրապետական Ռոմնիի՝ նախընտրական արշավի ընթացքը փոխելու վերջին հնարավորություններից մեկը, սակայն նշում են, որ այն կարևոր նշանակություն ունի նաև Օբամայի համար։ ԱՄՆ-ի գործող նախագահը, ըստ սոցիոլոգների տվյալների, առայժմ բավական վստահ գերազանցում է մրցակցին նախընտրական մրցարշավում։

Այդուհանդերձ, շատ փորձագետներ վստահ են, որ բանավեճերի նշանակությունը զգալի չափազանցված է, և ամերիկացիների մեծ մասը նստում է հեռուստաէկրանների առջև՝ պարզապես իր թեկնածուին երկրպագելու համար։