Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին անդրադարձել է Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկայի տեղափոխման հարցին։
«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ (Հայաստանին և Ադրբեջանին – խմբ․) հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններում օգտվելու տարանցիկ գործառույթից, որն ունի մեր երկիրը։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանն այս հարցի վերաբերյալ, և այս հարցով ակնարկներն անտեղի են»,- 1tv.ge-ին տված հարցազրույցում ասել է Դարչիաշվիլին՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում Վրաստանի միջնորդական դերի նվազման մասին։
Նրա խոսքով՝ Վրաստանի նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է։
***
Օրերս Ֆրանսիան «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան՝ Վրաստանի տարածքով։ Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» զրահատեխնիկայի առաքումը:
Վրացական APM Terminals Poti ընկերությունից հաստատել են զրահամեքենաների տարանցումը։ Ընկերությունից, մասնավորապես, նշել են՝ սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս չի հերքել ֆրանսիական զրահամեքենաների մատակարարման լուրը․ «Հայտնի էր, որ Հայաստանի ու Ֆրանսիայի համագործակցության թեմաներից մեկը հենց «Բաստիոն» զրահապատ մեքենաներն ունենալն էր, և ես շատ ուրախ եմ, որ Ֆրանսիայի հետ այս առումով մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և առջևում նաև ավելի լայն համագործակցությունն է Ֆրանսիայի հետ հենց անվտանգության ոլորտում»։