Վարդան Օսկանյանի հարցը ԵԽԽՎ-ում

Հոկտեմբերի 3-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ Լիբերալ դեմոկրատների քաղաքական խմբի նիստը բացվել է խմբի անդամներ՝ ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Հովհաննիսյանի և Նաիրա Զոհրաբյանի հայտարարությամբ, հաղորդում է zham.am-ը:

Պատգամավորները հանգամանալից ներկայացրել են Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակը, որից հետո խմբի բոլոր անդամներին բաժանվել է անգլերեն լեզվով պատրաստված տեղեկանքը:

Տեղեկանքում, բացի դատախազի միջնորդության մասին տեղեկատվությունից, առկա են հստակ գնահատականներ: Մասնավորապես նշվում է, որ քաղաքական ուժերի մեծամասնության, ինչպես նաև բազմաթիվ հեղինակավոր իրավաբանների կարծիքով` այս քրեական գործը հիմնազուրկ է և հետապնդում է այլ նպատակներ: ԵԽԽՎ պատգամավորներին բաժանված տեղեկանքում հստակ նշված է, որ Օսկանյանին ներկայացված մեղադրանքները քաղաքական ճնշման նպատակ ունեն` Օսկանյանի և ԲՀԿ-ի նկատմամբ:

Խմբի նախագահ Մարի Բրասյորը հայտարարել է, որ սա անչափ կարևոր խնդիր է, և կոչ է արել խմբի բոլոր անդամներին՝ հայկական պատվիրակության ներկայացուցիչների տրամադրած տեղեկանքները քննարկել իրենց ազգային պատվիրակություններում։ ԲՀԿ ներկայացուցիչներ Վահե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը պատրաստված փաթեթը ներկայացնելու են նաև ԵԽԽՎ այլ քաղաքական խմբերին և ազգային պատվիրակություններին։

Մեկնաբանել