Հրանտ Դինքին սպանած Սամասթն ազատ է արձակվել, Թուրքիայում դժգոհ են

Թուրքիայի Արդարադատության նախարարության որոշմամբ «Ակօս» շաբաթաթերթի հիմնադրին և նախկին գլխավոր խմբագրի՝ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալ Օգյուն Սամասթը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել՝ բանտում 16 տարի 10 ամիս պատիժը կրելուց հետո։ Այդ մասին հայտնի է դարձել նոյեմբերի 15-ի երեկոյան։

Հրանտ Դինքը սպանվել է «Ակօս»-ի խմբագրության մուտքի առջև 2007 թվականի հունվարի 19-ին․ այդ ժամանակ Օզգյուր Սամասթը 17 տարեկան էր։ Վերջինս հայտնաբերվել է սպանությունը կատարելուց երեք օր հետո՝ Սամսունի ավտոկայարանում, իսկ ձերբակալվել՝ հունվարի 24-ին։

Հաշվի առնելով Օզգյուր Սամասթի անչափահաս լինելը՝ Ստամբուլի՝ անչափահասների ծանր գործերով զբաղվող դատարանը նրան Թուրքիայի քրեական իրավունքի 31-րդ կետի համաձայն դատապարտել էր 21 տարվա 6 ամսվա ազատազրկման։ Ինչ վերաբերում է մյուս ոճրագործներին, ապա ըստ Թուրքիայի Արդարադատության նախարարության պարզաբանման՝ մյուսները շարունակում են կրելի իրեն պատժաչափը՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Օզգյուր Սամասթի վաղաժամ ազատ արձակումը մեծ արձագանք է գտել Թուրքիայի ներսում։ Սամասթի ազատ արձակմանն անդրադարձել է Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության նոր ղեկավար Օզգյուր Օզելը․ «Անհավանական է, 16 տարի բանտում, լավ տեսք ուներ։ Ինչպե՞ս կարող է լավ լինել մի մարդ, որը նման ծանրագույն հանցանք է գործել բոլորիս աչքի առջև։ Դա զուտ հանցագործություն չէր, այլ ծրագրված, պատրաստված գործողություն էր»։

Քեմալական քաղաքական գործիչը սպանությունը «անհավատալի մեծ անարդարություն է համարել Թուրքիայի համար շատ կարևոր հայ համայնքի դեմ»։

Սամասթին ազատ արձակելու որոշումը խստորեն քննադատել են քրդամետ քաղաքական գործիչները։ Նրանք հեգնել են Սամասթի «լավ վարքագծի դրսևորման» մասին թուրքական իշխանությունների մեկնաբանությունը՝ նշելով, որ միաժամանակ բանտում են շարունակում գտնվել Սելահեթթին Դեմիրթաշը, Օսման Քավալան և ուրիշներ։

Մեկնաբանել